Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նա երկար խոսում էր այն մասին, թե ի՛նչ միջոցներ է հարկավոր գործ դնել, որ աղքատությունը և մարդկանց չարությունը վերացվի, որ բոլոր մարդիկ լինեն կրթված, բարի, գոհ և բախտավոր։ Այդ ամենը բացատրում էր նա այնքան պարզ լեզվով, որ ես այժմ բոլորը հասկանում էի։

Այնուհետև ես համարյա ամեն գիշեր խոսում էի նրա հետ և շատ բաներ էի սովորում։ Նրա հայացքները, նրա կարծիքները բոլորովին տարբեր էին իմ մինչև այն օր լսածներից և սովորածներից։ Օրինակ, մեր տերտերից շատ անգամ լսել էի, թե գողությունը մեղք է, եթե գողանալու լինես, մեռնելուց հետո հոգիդ կտանեն դժոխքի կրակի մեջ կայրեն։ Բայց ես դժոխքի կրակից շատ չէի վախենում, որովհետև դեռ նորահաս երիտասարդ էի, մինչև մեռնելը շատ ժամանակ ունեի, կարող էի հազար անգամ գողանալ և, նույն տերտերի մոտ մեղքերս խոստովանվելով, նրանից թողություն ստանալ։ Եվ այսպես, իմ գործը հեշտացրած էր։ Բայց թե այս աշխարհի, ներկա կյանքի համար գողությունը ի՞նչ վնաս ուներ, տերտերը այդ մասին ոչինչ չէր խոսում, նա միայն սպառնում էր դժոխքի կրակով։ Բայց Համրը, բացի դժոխքից, նաև ասում էր, որ գողի համար հենց այդ աշխարհը նմանապես դժոխք է, և եթե ես առաջուց գիտենայի, երբեք չէի գողանալ։ Ես շատ էի գողացել, շատ էի խաբել, ահագին գումարներ էի ձեռք բերել, բայց երբեք բախտավոր չէի եղել։

«Քո անձնական բարիքը պետք է որոնես ուրիշի բարիքի մեջ,— ասում էր նա,— կցանկանայի՞ր, որ ուրիշը անե քեզ այն բանը, ինչ որ քեզ ախորժելի չէ, օրինակ, գողանա քեզանից, խաբե, հարստահարե քեզ, անպատվե քեզ, ճնշում գործ դնե քեզ վրա և այլն»։ — «Չէի ցանկանա»,— պատասխանում էի ես։— «Ուրեմն դու էլ չպիտի անես ուրիշներին»։— Հետո հարցնում էր.— «Դու կցանկանայի՞ր, որ ուրիշներր սիրեին քեզ, օգնեին քեզ, հարգեին քո մարդկային իրավունքները, չհարստահարեին քեզ»։— «Կցանկանայի»։— «Ուրեմն դու էլ և միևնույն կերպով պետք է վարվես ուրիշների հետ»։ Ննա ասում էր.— «Մեր օգուտն ուրիշի օգտի մեջ է. վնասելով նրան, վնասում ենք մեզ»։

Բայց քավոր Պետրոսը, իմ նախկին դաստիարակը, բոլորովին հակառակն էր խոսում. նա ասում էր.— «Մենք մեր անձի համար ենք ապրում, մարդը պետք է հոգ տանի յուր անձի և յուր բարօրության համար միայն, բայց երբ մի ուրիշը արգելք է լինում իմ բարօրությանը, ես պետք է աշխատեմ նրան ոչնչացնել, որ իմ անձը