Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայիլովի խելքին մտավ օրիորդի ասածը։

— Շնորհակալ կլինեմ ձեզանից,— ասաց նա ուրախանալով։

— Հիմա եկեք այս րոպեիս ցույց տամ ձեզ մի քանի խաղեր։

Եվ Մայիլովը նստեց օրիորդի մոտ շատ մերձ։

Մի փոքր նվագելուց հետո օրիորդը հրավիրեց նրան յուր առանձնասենյակը։

Օրիորդ Սոֆին նստեց յուր առաջվան տեղը, նրա հանդեպ նստեց Մայիլովը։ Երկուսի մեջտեղում դրած էր փոքրիկ բոլորակ սեղան, որի վրա վառվում էր լամպարը։

— Դուք դարձյալ տխուր եք, Նիկոլ,— ասաց օրիորդը՝ ուղղակի նայելով նրա երեսին։

— Ընդհակառակն, ես խիստ ուրախ եմ այժմ,— պատասխանեց Նիկոլը։

— Կամենաք, ես կզբաղեցնեմ ձեզ զվարճալի ընթերցանությամը։

— Շնորհակալ կլինեմ։

Օրիորդն ընտրեց յուր մատենադարանից փառակազմ մի գիրք, որի կազմի վրա ոսկեզօծ տառերով դրոշմված էր այսպիսի վերտառություն — George Sande.

Նա դրեց դիրքը յոլր առջև և մի փոքր թերթելով հարցրեց.

— Դուք ծանո՞թ եք այս գրքի հետ։

— Ո՛չ, ես առաջին անգամն եմ տեսնում այդ,— պատասխանեց Մայիլովը։

— Ուրեմն լսեցեք, ես կարդամ․ սա ռոման է։

Եվ օրիորդը բորբոքված կերպով սկսեց կարդալ։ Ընթերցանության ժամանակ նրա դեմքն ընդունում էր զանազան արտահայտություններ՝ երբեմն կարմրում էր, երբեմն գունատվում, իսկ երբեմն նրա աչքերը վառվում էին կատաղի կրակով։

Բայց Մայիլովի դեմքը խաղաղ էր, միայն երբ խոսքը դառնում էր սիրային կրակոտ և սուր արտահայտությունների, կամ սիրահարների համբույրների և նրանց մեղմ քնքշությունների վրա, նրա դեմքը նշմարելի կերպով շառագունում էր, կարծես թե նա ամոթ էր զգում այդպիսի անպարկեշտ խոսքեր լսելու համար, իսկ երբեմն նրա նուրբ շրթունքների վրա խաղում էր մի անմեղ ժպիտ։

Օրիորդը դադարեց կարդալուց և յուր ախտաբորբոք աչքերը ձգելով Մայիլովի երեսին՝ հարցրեց.

— Ի՞նչպես է, հավանո՞ւմ եք։ Պատանի գիմնազիստը ոչինչ չպատասխանեց, այլ կարմրելով