Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի չարագործ պատրաստվում էր սպանել նրան. ո՞րպես ազատեցի նրա կյանքը և բերեցի քավոր Պետրոսի մոտ, թե ո՛րպես այդ վերջին չարագործը նույնպես հրամայեց ինձ սպանել նրան, և ո՛րպես. ես խաբեցի նրան, հայտնելով, թե հրամանը կատարված է, բայց աղջկան թաքցրի իմ հոր խրճիթում,— և վերջապես, ո՛րպես իմ վարմունքը ծնեցրեց անմեղ աղջկա սրտում սեր դեպի ինձ. և այնուհետև նա չբաժանվեցավ ինձանից և այն ժամանակ, երբ ես կալանավորվեցա, բանտարկվեցա և դատապարտվեցա մշտական աքսորի։

Կնոջ սերը, որպես երևում էր, շատ զգալի չէր Համրին, նա յուր կյանքում կա՛մ երբեք չէր սիրել, կամ եթե սիրել էր, կրակը վաղուց արդեն հանգել էր նրա սրտում։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սառնությամբ լսեց իմ պատմությունը, վերջը նկատելով.

— Այդ պատմության մեջ ես գովում եմ ձեր առաքինությունը, դուք ազատել եք մի թշվառի կյանք։

— Բայց նրան կորցնելը այժմ իմ կյանքը անտանելի է դարձրել։

— Այդ ես հասկանում եմ... այդպիսի հանգամանքներում մարդուն փրկում է մի բան միայն — աշխատանքը։ Աշխատանքը մոռանալ է տալիս սրտի կսկիծները, որ առաջ էին եկել սիրո սլաքներից։

Նրա սառն փիլիսոփայությունը այժմ ինձ չէր գրավում։ Ես տվեցի խիստ հուսահատական պատասխան.

— Այժմ մահը, միայն մահը կարող է հանգստացնել ինձ, աշխատանքից ես ձանձրացել եմ, մանավանդ այսպիսի ապարդյուն աշխատանքից։

— Ոչինչ աշխատանք ապարդյուն չէ, երբ մարդկությանը որևիցե օգուտ է բերում։

— Մեր աշխատանքը ի՞նչ օգուտ է բերում։

— Երևի դու մոռացել ես, որ մի անգամ ես քեզ ասացի, որ մեր օգուտը ուրիշի օգտի մեջ է և նույնը փոխադարձաբար։ Եվ եթե մենք ուղղակի կերպով չենք շահվում մեր աշխատանքից, կշահվին, անտարակույս, մեզ նմանները, այսինքն ուրիշ մարդիկ։ Մենք փորում ենք լեռների սիրտը և այնտեղից դուրս ենք բերում պղինձ, երկաթ, ոսկի և արծաթ։ Այդ մետաղներով բացվում են դպրոցներ, կառուցանում են արհեստանոցներ և այլ բարեգործական հիմնարկություններ։ Նրանց մեջ ուսում են առնում, կրթվում են և լավ մարդիկ են դառնում։

Ես այնքան գրավվեցա այդ վիճաբանությամբ, որ մոռացա Նենեին,