Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանդակապատին։ Այստեղից սկսեց նայել դեպի շրջակայքը։ Գիշերով եկած լինելով, նա դեռ ոչինչ չէր տեսել, այժմ առավոտյան լուսով ցանկանում էր լավ նայել այն աշխարհի վրա, ուր գուցե ընդերկար ստիպված կլիներ մնալ։

Առավոտյան թանձր մառախուղը հետզհետե նոսրանում էր, բայց դեռևս աղոտ կերպով նկարվում էին հեռավոր առարկաները։ Օրիորդը նայում էր, խորին անձկանոք նայում էր և, կարծես զայրանում էր, որ ոչինչ չէր տեսնում։

Նրան կարելի էր ո՛չ աղախին համարել և ո՛չ տան աղջիկ։ Նա ոչ աղախնի անվստահ կայտառությունն ուներ և ոչ տան աղջկա նազելի վստահությունը։ Նա ավելի նման էր տանտիկնոջ մի հեռավոր ազգականին, որ զրկված էր ծնողներից, որին թեև սիրում են, փայփայում են, բայց դարձյալ զգում է, որ ինքը որբ է, որ իրան հոգու համար են պահում։ Նրա թուխ դեմքը, սև, կրակոտ աչքերը, հարուստ մթագույն գիսակները ամենևին չէին համապատասխանում հեռավոր հյուսիսին։ Նա եկած էր հարավից, ջերմ, արեգնավետ հարավից, ուր արյունը մշտապես եռ է գալիս, ուր դեմքերը ստանում են մուգ վարդի գույն։ Բայց որքա՜ն հույս և կյանք կար այն մթին աչքերի մեջ, որքա՜ն հրապուրանք այն թախծալի դեմքի վրա։ Նա ներկայացնում էր մի աշխույժ, անսանձ բնավորություն, սքողած տխրության ամպերով, թառամած դառն հուսահատության մեջ։

Նա շարունակում էր նայել։

Վերջապես շողացին արեգակի առաջին ճառագայթները և երևան հանեցին շրջակա տեսարանները։ Ահա այնտեղ հալոցների բարձր ծխարաններից, թուխ ամպերի նման, դուրս էր հոսում թանձր մուխը և նսեմացնում էր դեռ նոր լուսավորված հորիզոնը։ Մարդիկ մրոտած հագուստով, մրոտած դեմքով, սև, որպես ուրվական, թափառում էին ծխային մթնոլորտի մեջ։ Այդ տեսարանը սարսափ ազդեց օրիորդի վրա։ Հալոցներից ոչ այնքան հեռու, հանքային քարերի կույտերի մոտ, գետնի վրա նստած էին նույնպես մռայլոտ դեմքեր։ Դրանք ծանր մուրճով ջարդում էին, մանրում էին քարի մեջ թաքնված մետաղը և պատրաստում էին հալելու համար։ Օդը թնդում էր հարյուրավոր կռանների հարվածներից։ Ոմանք փոքրիկ սայլակներով մանրած մետաղը քարշ էին տալիս, տանում էին ու ածում առանձին կույտերի վրա, որոնք բազմաթիվ բլրակների ձև էին ստացել։ Այդ բլրակներից մի քանիսը ծխում էին։ Ածուխը և ծծումբը այրվում էր նրանց մեջ և ուտում, մաշվում էր հանքային