Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելորդ մասերը։ Օդը այստեղ խեղդում էր ծծումբի կծու հոտով։

Այդ կողմում ամեն առարկա սև գույն ուներ, կարծես ամեն ինչ սուգ էր զգեցած։ Մետաղի սև կղկղանքով պատած էին ճանապարհները, սև փոշին ծածկել էր գործարանների կտուրները, սևացած էին և ճնճղուկները, որ բույն էին դրել այն շինվածքների ծածկի տակ։

Ամեն ինչ սև էր, ամեն ինչ մրոտած էր։ Միայն կրակն ու բոցը, որ բորբոքվում էր հալոցների մեջ, ներկայացնում էր մի սոսկալի հակապատկեր ընդհանուր նսեմության մեջ։ Այդ դժոխքում մարդիկ այրվում էին, բայց չէին խորովվում։ Հալած մետաղը ծփում էր բոցերի մեջ, որպես հրեղեն լճակ։ Երկաթյա երկայն շերեփներով վեր էին առնում բաց-դեղնագույն հեղուկը և ածում էին արույրյա կաղապարների մեջ։ Քրտինքը հորդ վտակներով հոսում էր գործավորների սարսափած դեմքից, բոցը խանձում էր նրանց կիսախաշ երեսները։

Օրիորդը դեմքը շուռ տվեց զարհուրելի տեսարանից։

Մյուս առարկաները չէին հետաքրքրում նրան։ Ահա այնտեղ, պաշտոնավոր զինվորի հաստլիկ կինը, փեշերը վեր քաշած, բոբիկ ոտներով, ցեխը կոխ տալով, վերադառնում էր մերձակա վտակից և, ուսի վրա դրված լծակի երկու ծայրերից թիթեղյա սաթլները քաշ տված, ջուր էր բերում։ Այնտեղ պառավը մրթմրթալով քշում էր դեպի դաշտը յուր մի հատիկ կովը։ Փոքր-ինչ հեռու, մի ստահակ տղա, առանց անդրավարտիքի, միայն շապիկը հագին, նստած էր մերկ ձիու վրա, և նույնպես մերկ ոտներով նրա կողքերը ծեծելով, բոլոր ուժով վազեցնում էր յուր նիհար յաբուն, աստված ոչ գիտե, թե դեպի ուր։ Բայց գլխի մազերը ծածանվում էին՝ սաստիկ շփվելով օդի հետ։ Մի կողմում սագերի սպիտակ երամր, իրանց լայն թաթիկների վրա օրորվելով և մի աոանձին բավականությամբ կչկչալով, դիմում էր դեպի մերձակա ճահիճը։ Փողոցում գյուղացու մանկահասակ աղջիկը, մի քանի դրոշներ ափի մեջ պինդ բռնած, վազ էր տալիս դեպի մերձակա դուքանը՝ քառորդ ֆունտ շաքար գնելու։ Նրան հանդիպեց մի գրագիր դեղին կոճակներով, ինչ-որ ասաց, աղջիկը հայհոյեց նրան և փախավ։

Ուրիշ ոչինչ չէր տեսնում օրիորդը․ միայն այստեղ ու այնտեղ երևում էին մռայլոտ շինվածքներ հազիվ նշմարելի լուսամուտներով, որոնք այնքան առանձնացած էին, կարծես վախենում էին մոտենալ միմյանց։ Պահապան զինվորները, չափավոր քայլերով, անցուդարձ էին անում դռների առջև։ Օրիորդի արտասուքով