Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լցված աչքերը հառած էին դեպի այղ կողմը։ Երկար նայում էր նա և կարծես աչքերով աշխատում էր ներս թափանցել այդ մռայլոտ շինվածքների հաստ պատերից։ Ծանր, երկաթապատ դռներից մեկը բացվեցավ և դրսում հայտնվեցավ մի մոխրագույն խումբ։ Շրջապատված զինվորներով, խումբը շարժվեցավ դեպի այն կողմը, ուր կանգնած էր սպիտակ տնակը։ Նրանք կրում էին բահեր, բրիչներ և փորելու զանազան գործիքներ։ Բայց ինչո՞ւ հսկողության ներքո էին տանում այդ թշվառ բանվորներին։ Օրիորդի սիրտը սկսեց բաբախել։ Նա պատրաստ էր վազել, գնալ, մերձենալ նրանց և մոտից, շատ մոտից նայել նրանց վրա։ Բայց նրա ոտները չհնազանդվեցան, ծնկները դողացին, գլուխը պտտվեցավ, աչքերի առջև մթնեց. նա թուլացավ, ընկավ պարտիզի վանդակապատի վրա։ Մոխրագույն խումբը հեռվից անցավ։ Ուշաթափ օրիորդը ոչինչ չտեսավ, միայն նրա ականջներին, որպես երազի մեջ, զարկում էին ծանր շղթաների աններդաշնակ հնչյունները..․։

Խորին ապշության մեջ նա ուշի եկավ։ Անրջային տեսիլքը անցել էր։ Նրա առջև նկարվեցան միևնույն տխուր, սրտաբեկ տեսարանները։ Նա դանդաղ, դողդոջուն քայլերով սկսեց դիմել դեպի այն սենյակը, որտեղից դուրս էր եկել։ Պարտիզի միջով անցնելու ժամանակ նրա շրջազգեստի ներքին եզրը բռնվեցավ վարդենու փշից և պատռվեցավ։ Նա այն աստիճան հուզված էր, որ ոչինչ չզգաց։ Սենյակի դռան մոտ հանդիպեց նրան սպասավորը, հարցնելով.

— Պարոնները վե՞ր են կացել։

— Չգիտեմ։

— Սամովարը եփ է գալիս։

— Բերեցեք։

Նա մտավ սենյակը։

Սպասավորը մի քանի րոպեից հետո սամովարը ներս բերեց, դրեց սեղանի վրա և լուռ դուրս գնաց։ Օրիորդի տրամադրությունը կարծես նրա վրա ևս ճնշում էր գործում։

Նա բաց արեց հատակի վրա ընկած սնդուկներից մեկը․ մյուսը, նայեց չամադանի մեջ, նայեց ճանապարհորդական զամբյուղի մեջ, որոնում էր, թե որտեղ է դրած թեյը։ Շաքարն էլ անհետացել էր նրա աչքերից։ Հիշողությունը դավաճանում էր նրան։ Վերջապես գտավ միևնույն փոքրիկ սնդուկի մեջ, ուր տասն անգամ նայել էր։ Սկսեց թեյ պատրաստել։ Գործը փախչում էր նրանից, ձեռքերը չէին խոնարհվում, ջուրը վիթվում էր, բաժակը ցած էր ընկնում, աղմուկ էր բարձրացնում, հազիվհազ կարողացավ նա տաք ջրով լցրած