Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժպտաց, և միևնույն րոպեին զգաց, որ օրիորդի փոքրիկ ոտը սեղանի տակից խիստ քնքշությամբ սեղմվեցավ յուր ոտին, պատանին դողաց բոլոր մարմնով և ետ քաշեց ոտը։

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն։

Օրիորդը տեսնելով յուր խորամանկության անհաջողությունը, մտածեց ուրիշ կերպ զբաղեցնել նրան։

— Ի՜նչ սիրուն մազեր ունիք, Նիկոլ,— ասաց նա ձեռքը տանելով դեպ նրա գլուխը։ — Ի՜նչպես փափուկ, գանգուր և խարտյաշ են, իսկ իմ գիսակները սև են ու կոշտ, ամենևին գանգուր չեն, ես շատ կցանկանայի, որ իմ մազերը ևս ձերինի պես լինեին։

— Կամենո՞ւմ եք փոխենք,— ծիծաղելով ասաց պատանին,— եթե այդքան ցանկալի է ձեզ իմ մազերը։

— Փոխենք,— պատասխանեց օրիորդը։— Բայց փորձենք կարելի՞ է վեր առնել։

Եվ նրա սպիտակ ու նուրբ մատիկները սկսան շարժվիլ պատանու գանգուրների մեջ և երբեմն էլ հեզիկ շփվել նրա երեսին։

— Ո՛չ, Նիկոլ, ափսոս, չէ կարելի փոխել,— ցավելով ասաց օրիորդը։

Պատանին հեզիկ ծիծաղեցավ, բայց նրա ծիծաղն արտահայտում էր երեխայական անմեղություն։ Օրիորդ Սոֆին մտածեց մի այլ բանով զբաղեցնել նրան։

— Դու թուղթ խաղալ իմանո՞ւմ ես,— հարցրեց նա եզակի։

— Ո՛չ, ես ոչինչ խաղ չեմ սովորած,— պատասխանեց կարմրելով պատանին։

— Ես այս րոպեիս կսովորեցնեմ քեզ մի դյուրին խաղ։

— Լա՛վ, տեսնեմ ո՛րպիսի խաղ։

— Տեսնո՜ւմ ես այս մատանին,— ասաց օրիորդը՝ մատից հանելով մատանին և նրան ցույց տալով։— Ես այս մատանին կթաքցնեմ, եթե դու գուշակեցիր, թե ո՛րտեղ եմ թաքցրել և գտար, տարած ես և դրա համար, ամեն մի գտնելուն, ես պարտավորված կլինեմ քեզ տալ մի բան, զորօրինակ, ասենք, մի ֆունտ կոնֆետ, բայց եթե չկարողանաս գտնել, արդեն տարված կլինես, այն ժամանակ դու կպարտավորվես ինձ տալ նույնը։

— Ի՞նչպես կարելի է գտնել,— պատասխանեց Մայիլովը,— դու կարող ես թաքցնել մատանին մի այնպիսի տեղ, որ ես անկարող կլինեմ գուշակել։ — Ո՛չ, այդ խաղն ունի յուր սահմանները,— ասաց օրիորդը։ — Միայն հինգ տեղ են նշանակվում թաքցնելու համար, այն է՝ երկու