Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդի էր։ Ո՜րպիսի ջերմ սիրով տիկինը ընդունեց յուր մոտ այդ վայրենի այծյամին, ո՜րպիսի եռանդոտ հոգատարությամբ սկսեց նա կրթել նրան, ուղղել նրա վատ սովորությունները։ Ամեն անգամ, երբ մի նոր փոփոխություն էր նկատում նրա մեջ դեպի լավը, դեպի ազնիվը և դեպի մարդավայելը, առաքինի կնոջ սիրտը լցվում էր անսահման բերկրությամբ։ Նա իսկույն վազում էր ամուսնու մոտ և պատմում էր յուր որդեգրուհու նոր հառաջադիմությունը։ «Նրա մեջ թաքնված ձիրքեր և գեղեցիկ հատկություններ շատ կան»,— ասում էր ամուսինը, ոչ սակավ ուրախանալով, և տիկնոջ հույսերը ավելի հավանականություն էին ստանում։ Շատ օրեր, ժամերով նստած, պարապում էր նրա հետ, սովորեցնում էր գրել, կարդալ և զանազան ձեռագործներ։ Շատ անգամ ինքը պառկած էր լինում դիվանի վրա, նրան նստեցնում էր յուր մոտ, բարձր ձայնով կարդալ էր տալիս և մեծ բավականությամբ լսում էր։ Վերջին ժամանակներում սկսեց պարապել նրա հետ մուզիկայով և նկարչությամբ. վերջինի մեջ թեև մի առանձին ընդունակություն չէր ցույց տալիս նա, բայց երաժշտության մեջ չափազանց ընդունակ գտնվեցավ։ Նրա բնականից գեղեցիկ ձայնը, մշակվելով, զարգանալով, սքանչացնում էր լսողներին։

Տիկնոջ դաստիարակության ոգին արտափայլեցավ նրա աշխատասեր աշակերտուհու ոչ միայն մտավոր և հոգեկան զարգացման վրա, այլև նրա բնավորության և բարոյական հատկությունների վրա։ Օրիորդը նույնպես սիրում էր յուր բարերարների հետ այցելել հիվանդներին. մտնել աղքատ շինականների խրճիթը և յուր հացի վերջին պատառը բաժանել կարոտյալների հետ։

Նա մնաց անբաժան յուր խնամակալներից և այն բոլոր ժամանակներում, երբ նրանք պաշտոնի առիթով ստիպված էին մի քաղաքից մյուս քաղաք, մի գավառից մյուս գավառ անցնել։ Իսկ երբ նրանք վճռեցին Սիբիր տեղափոխվել, այդ միջոցին նա ավելի ուրախ էր, ավելի բախտավոր էր համարում իրան։ Ի՞նչն էր, որ կապում էր խեղճ աղջկա սիրտը հեռավոր հյուսիսի հետ. ի՞նչն էր, որ քաշում էր նրան այդ կողմը։ Այդ գաղտնիքը հայտնի էր տիկնոջը, հայտնի էր և նրա ամուսնուն։ Ամեն անգամ, երբ ասում էին նրան. «Կգնանք Սիբիր, կտեսնենք նրան»,— խեղճ աղջիկը հրճվանքից շքանշանում էր և, ուրախության արտասուքը աչքերում, գրկում էր թե տիկնոջը և թե նրա ամուսնուն, համբուրում էր, անվերջ կերպով համբուրում էր և թափում էր նրանց առջև յուր հոգու բոլոր շնորհաեալություններy։ Թե՛ տիկինը և թե՛ նրա ամուսինը՝ երկուսն էլ