Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ հանգիստ էի։ Բայց երբ շատ բան սովորեցա, սկսեցի ավելի տանջվել։ Եթե անասուններին բնությունը շատ խելք տված լիներ, եթե նրանք դպրոց մտնեին, ավելի պահանջող կլինեին և երբեք չէին հոժարի կատարել այն բարբարոսական ծառայությունները, որ մարդիկ նրանց անել են տալիս։

Հիվանդանոցը դատապարտյալի ամենասիրելի օթևանն է։ Այստեղ նա ավելի հանգիստ է, այստեղ նրա հետ գոնե մարդի պես են վարվում։ Այստեղ նրան մշտապես չեն մտրակում, թեև երբեմն չարացած ֆելդշերը ծեծում է նրան, թե ինչո՞ւ չէր կատարել յուր այս և այն պատվերը, ինչո՞ւ դեղը յուր ժամանակին գործ չէր ածել, այսուամենայնիվ, կրկնում եմ, հիվանդանոցը դատապարտյալի հանգստության տեղն է, և այդ է պատճառը, որ նա փափագում է, որ յուր հիվանդությունը երկարատև լինի, և ավելի բախտավոր է համարում իրան, եթե հիվանդության մահիճը բոլորովին գերեզմանի կփոխվի։

Հայց մեռնելը հեշտ բան չէ դատապարտյալի համար։ Օրենքը մարդասիրական գեղեցիկ սկզբունքներ ունի։ Կախաղանի դատապարտված թշվառականն անգամ, երբ պատժի նշանակած օրը հիվանդանում է, այդ դեպքում պատիժը հետաձգում են, նրան առողջացնում են, հետո են կախաղան բարձրացնում։ Աքսորականը նույնպես մի հայտնի ժամանակամիջոց ունի տաժանական աշխատանքների մեջ ճգնելու, ապաշխարելու և յուր մեղքերը քավելու։ Այդ ժամանակամիջոցը պետք է լրացնե նա։ Եվ եթե պատահում է նրան հիվանդանալ, աշխատում են առողջացնել, որ յուր ապաշխարանքը վերջացնե։

Ես տարվեցա հիվանդանոց։ Ո՞րքան ժամանակ մնացի այնտեղ, ի՞նչ էր իմ հիվանդությունը, չեմ հիշում, այսքանը միայն չեմ մոռացել, որ ինձ առանձնացրել էին մյուս հիվանդներից և գտնվում էի տիֆով հիվանդների բաժնում։ Առաջին անգամ, երբ աչքս բաց արի, երբ փոքր-ինչ ուշի եկա, ինձ մոտ գտա հիվանդանոցի ծերունի սպասավորներից մեկին, որ կանգնած, ինքն իրան մրթմրթում էր.

— Ինչպես ամուսինն է, այնպես էլ տիկինն է, ինչպես տիկինն է, այնպես էլ աղախինն է։ Աստված է վկա, լա՜վ մարդիկ են, այսպիսի մարդիկ մինչև այսօր չէ տեսել մեր հիվանդանոցը։ Արդյոք ո՞ւմն էին վերաբերում այդ խոսքերը, ես ոչ հետաքրքրվեցա և ոչ էլ հասկանալ կարողացա, իսկ նա դեռ շարունակում էր մրթմրթալ.