Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադարձել էր, աչքերս այժմ համեմատաբար ավելի պարզ էին տեսնում, թեև դեռ սաստիկ թույլ էի զգում ինձ։ Մի օր նույն օրիորդը ծերունի սպասավորի հետ մտավ ինձ մոտ։ Նա անցավ, վեր առեց իմ հիվանդության օրագրության թերթը, ուշադրությամբ կարդաց՝ որ տեսնե՝ ի՛նչ փոփոխություն է արել իմ դրությունը։ Քանի օր էր, որ նա ինձ մոտ չէր եղել։ Ես նայում էի նրա վրա, զննում էի հասակը, դեմքը, աչքերը, ձայնը և մի զարմանալի նմանություն էի գտնում...։ Կարծես, հասկանալով այդ, նա երեսը շուռ տվեց, սկսեց խոսել սպասավորի հետ։ Որքան էլ նսեմացած լիներ իմ տեսությունը, դարձյալ ես նրա երեսի վրա նկատեցի մի նշան, որ ինձ շատ ծանոթ էր։ Դա մի խալ էր, ուղիղ այն տեղում, ուր երկու հոնքերը աղեղնաձև գալով, միանում էին միմյանց հետ։ Դա բնության մի առանձին հրաշալիքն էր, որ խիստ հազիվ է գտնվում կանանց դեմքի վրա։ Դա այն միջնակետն էր, որ կենտրոնացնում է յուր մեջ դեմքի բոլոր գեղեցկությունը։ Նենեն միայն ուներ արարչի այդ հարուստ պարգևը։

Նա կրկին երեսը դարձրեց դեպի ինձ, նայեց իմ վրա և, մի քանի պատվերներ տալով սպասավորին, պատրաստվում էր հեռանալ։ Այո՛, նա էր, իմ սիրելի Նենեն էր։ Իմ մաշված կուրծքից դուրս պրծավ մի խուլ հառաչանք, ես խելագարի նման նետվեցա և փորձ փորձեցի գրկել նրան։ Ծերունի սպասավորը բռնեց ինձ։ Նա իսկույն հեռացավ, ասելով.

— Այդ հիվանդը յուր խելքի առողջ դրության մեջ չէ...։

Ես մնացի խորին ապշության մեջ։ Ի՞նչ էր այդ, երազ էր, ցնորք էր, թե՞ խանգարված երևակայության պատրանք։ Ի՞նչ էր այդ։ Նենեի գեղեցիկ դեմքն էր, նրա վառվռուն աչքերն էին, նրա նուրբ, բարձր հասակն էր, նրա արծաթի հնչյուններով ձայնն էր։ Բայց մի՞թե կրակոտ, պարզամիտ, աներկյուղ Նենեն կարող էր իրան այնպես զգույշ և սառնասիրտ պահել։ Ո՞ր տեղից հայտնվեցավ նա։ Եթե նա լիներ, չէր կարող զսպել իրան, անպատճառ կնետվեր, կգրկեր ինձ և կասեր. «ահա ես գտա քեզ, ես այստեղ կմնամ, էլ քեզանից չեմ բաժանվի»։ Նա այսպես կվարվեր։ Այսպես վարվեցավ նա, երբ մի անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Այսպես վարվեցավ նա և այն օրը, երբ ինձ վարում էին դեպի աքսոր։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից, նրան բռնությամբ բաժանեցին...։

Ահա այդ մտածությունները պաշարեցին ինձ գեղեցիկ տեսիլքը անցնելուց հետս։