Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժ

ՆԵՆԵԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կան այնպիսի դրություններ, որ մարդ րոպեական զվարճության համար կորցնում է յուր ամբողջ ապագան և մինչև անգամ կյանքը, բայց դարձյալ չէ հրաժարվում իրան զրկել ցանկացած վայելքից։ Այսպիսի վտանգավոր ձեռնարկություններից մեկն էր Նենեի գիշերային այցելությունը։ Ես անհամբերությամբ սպասում էի նրան, սպասում էի, թե ե՞րբ կզարկե գիշերվա երկու ժամը։

Վերջապես, իմ օթյակի դուռը կամաց բացվեցավ, ծերունի սպասավորը նրան ներս հրեց և հեռացավ ասելով.

— Որքան կամենում եք, խոսեցեք, բայց ձայն չբարձրացնեք։

Ինձ դժվար է նկարագրել այն սրտաշարժ տեսարանը, որ տեղի ունեցավ մեր տեսակցության առաջին րոպեներում։ Այո՛, դժվար է նկարագրել այն բոլոր լացը, արտասուքը, այն անսահման ուրախությունը, այն հոգեկան սաստիկ մրրիկը, որ փոթորկում էր մեր սրտերը՝ մեր գրկախառնության լուռ ցնծության մեջ։ Մեր մեջ խոսում էր հոգին, սիրտը, ճախրում էին և թրթռում էին վաղուց նիրհած, թախծալի զգացմունքները։ Իսկ լեզուն բառեր չէր գտնում սրտի թարգման լինելու։

Դատապարտյալի սերն անգամ յուր ոտներին շղթա էր կրում։ Նա սիրում է՝ արտասվելով, նա սիրած կնոջը գրկում է սարսափելով։ Նա սիրում է առանց սիրելու իրավունք ունենալու։ Սերը նրա համար մի հանցանք է։ Նույն հանցանքի մեջն էինք գտնվում ես և Նենեն։

— Ի՞նչպես հայտնվեցար այստեղ, ի՞նչպես եկար, — եղավ իմ աոաջին հարցմունքը, երբ Նենեն, իմ ձեռքը առնելով յուր ափի մեջ, նստեց իմ մահճակալի վրա, իմ կշտին։

— Ես քեզ այն ժամանակ ասացի, որ կգամ, և ո՛րտեղ էլ որ լինես դու, կգտնեմ քեզ,— ասաց նա, սեղմվելով իմ կուրծքի վրա։

— Տեսնո՞ւմ ես, եկա ու գտա քեզ։

— Ա՜խ, որքան տանջված կլինես, ո՜րքան նեղություններ կրած կլինես, Նենե։

— Այդ բոլորը ես մոռանում եմ քո գրկի մեջ։ Իմ կրած չարչարանքները ոչինչ են այդ մխիթարության առջև, որ այժմ վայելում եմ։

Ես հիացման մեջ էի գտնվում։ Մի՞թե այդ բարեսիրտ, նազելի