Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Վերջապես ես հասա։ Մի խումբ աքսորյալների հետ քեզ վարում էին։ Ինձ թույլ չտվին մոտենալ քեզ։ Որքան խնդրեցի, որքան աղաչեցի, դարձյալ թույլ չտվին։ Ես կատաղեցա, խելքս գլխիցս թռավ, աչքերիս առջև մթնեց...։ Չգիտեմ այլևս ի՞նչ արեցի, ի՞նչ պատահեց ինձ հետ, միայն այսքանը հիշում եմ, երբ աչքերս բաց արի, ինձ գտա քաղաքային գժատան մեջ։ Երբ խելքս գլուխս եկավ, ես տեսա միևնույն բժշկապետին, որի տանը այժմ ապրում եմ։ Նա եկել էր ինձ նայելու։ Ես բռնեցի նրա ձեռքից և արտասվալի աչքերով ասացի նրան. «Պարոն բժշկապետ, ես գիժ չեմ, իզուր են չար մարդիկ ինձ գիժ կոչում։ Ի՞նչու են բերել ինձ գժատունը»։ Բժշկապետը կարեկցությամբ ասաց ինձ. «Խե՛ղճ աղջիկ, ես գիտեմ, որ դու գիժ չես. միայն խորհուրդ եմ տալիս, որ առժամանակ գժատանը մնաս»։ «Ի՞նչու»,— հարցրի ես զայրացած կերպով։ «Այդ միայն կարող է ազատել քեզ»,— պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով։ «Ի՞նչ բանից»,— հարցրի ես- ավելի վրդովելով։ «Սիբիրից»․․․։ Ես սկսեցի ծիծաղել։ «Ես էլ հենց այդ եմ ուզում, որ ինձ ուղարկեն Սիբիր․․․ այնտեղ կտեսնեմ նրան»...։ «Ո՞ւմը», հարցրեց նա։ «Այն աքսորյալին, որ մի քանի օր առաջ տարան»,— պատասխանեցի ես։ «Դուք, պարոն բժշկապետ, կարծեմ, ճանաչում եք նրան, դուք բժշկում էիք նրան»։ «Այո՛, ճանաչում եմ»...— պատասխանեց նա,— «ես մի անգամ խնդրեցի բերդապահից, քեզ թույլ տվին նրա մոտ բանտ մտնել, հիշո՞ւմ ես»,— հարցրեց նա։ «Այո , հիշում եմ, ես մինչև այսօր դեռ չեմ հայտնել ձեզ իմ շնորհակալությունը»։ Այդ խոսքերի հետ բռնեցի նրա ձեռքը և ամուր կերպով սեղմեցի։

-«Ես այն աքսորյալին սիրում եմ, ես անկարող եմ չսիրել նրան»,— ասեցի ես, չթողնելով բժշկապետի ձեռքը։— «Նա իմ կյանքը ազատել է մի սարսափելի սպանությունից, ի՞նչպես չսիրել նրան»։— Հետո պատմեցի, թե ո՛րտեղ ծնողներից որբ մնալով, իբրև անտեր, անպաշտպան մի աղջիկ, սկսեցի թափառական կյանք վարել, միակ արհեստը, որ ուսուցել էր ինձ իմ մայրը, էր կախարդությունը. ես մարդկանց բախտը գուշակում էի, նրանք ինձ հաց ու մի քանի դրոշներ էին տալիս։ Պատմեցի, թե ո՛րպես հափշտակվեցա ավազակներից, և ո՛րպես նրանք, ինձ երկար չարչարելուց հետո, վերքը կամենում էին սպանել, իսկ դու ազատեցիր ինձ։ Մի խոսքով, պատմեցի՝ բոլորը, ինչ որ մինչև այն օրը պատահել էր ինձ հետ։ Բժշկապետը հետաքրքրությամբ լսելուց հետո՝ ասաց ինձ.— «Այդ բոլորը ես գիտեմ, այն աքսորյալը պատմել է ինձ»։