Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքը, ասում էին՝ «դա ջադուկ Է», և ինձ օթևան չէին տալիս։

Նենեի նկարագրությունները ինձ սարսափեցնում էին։ Ո՜րքան տանջվել էր, ո՜րքան չարչարվել էր խեղճ աղջիկը մի կորած, աշխարհից կտրված դատապարտյալի համար։ Մի՜թե ես արժանի էի այսքան զոհաբերությանց։ Ես խնդրեցի նրանից՝ համառոտել յուր պատմությունը և միայն այն ասել, թե ի՜նչպես կրկին հանդիպեց բժշկապետին։

— Ես շուտով այդ տեղը կհասնեմ,— պատասխանեց նա,— մի փոքր ևս լսիր, եթե չես ձանձրանում։

— Ես չեմ ձանձրանում, այլ տխրում եմ... իմ սիրտրը լցվում է ցավերով․․․։

— Շուտով կուրախացնեմ քեզ․․․,— ասաց նա և շարունակեց․

— Մի անգամ, երեկոյան պահուն, հասնում եմ մի գյուղ։ Գյուղացիները հավաքված էին գինետան առջև, զանազան դատարկախոսություններ էին անում։ Ես հարցրի նրանցից․

— Ո՞ր ճանապարհն է տանում դեպի Սիբիր։

Նրանք զարմացած նայեցին իմ վրա։

— Սիբի՜ր,— հարցրեց մեկը ծիծաղելով։

— Այո՛, Սիբիր։ Հեռո՞ւ է։

— Այդ սատանայական սև մազերդ կսպիտակի մինչև այնտեղ կհասնես։

— Ցույց տվեցեք ինձ ճանապարհը,— կրկնեցի ես։

— Ահա՛ ճանապարհը, գնա՛, գուցե առավոտյան կհասնես,— ասաց մի ուրիշը, ավելի լրբաբար ծիծաղելով։

— Եթե գայլերը չպատառոտեն,— նկատեց մի այլը։

— Մի՛ ծաղրեք ինձ, բարի մարդիկ, ես Սիբիր եմ գնում,— աղաչեցի նրանց։

— Դա խելագար է,— ասաց մեկը։

— Չէ, անպատճառ անտառի դևերից մեկը կլինի․ տեսեք, ինչպե՜ս վառվում են աչքերը,— ասաց մյուսը։— Նայեցեք մազերին։ Բոլորը խաչակնքեցին։

— Ոտքերիցը արյուն է հոսում, խե՜ղճ աղջիկ,— նկատեց մի պառավ կին։— Երևի փուշերը ծակոտել են։

— Դուք չե՜ք հասկանում, ես Սիբիր եմ գնում,— զայրացած կերպով ձայն տվի ես։— Ցույց տվեցեք ինձ ճանապարհը։

— Կորե՛ք, թող սատանան տանե ձեզ,— ասեցին ինձ և երեսները շուռ տվին։