Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի, որոնք նույնպես նշանավոր պաշտոններ են վարում։ Բժշկապետը, որպես աղքատ ուսանող, նրա հոր տանը մասնավոր դասեր էր տալիս։ Այստեղից սկսվեց նրանց ծանոթությունը, որը հետո սիրո փոխվեցավ։ Օրիորդի ծնողները, իհարկե, հակառակեցին նրա ամուսնանալուն մի բժշկի հետ, որ թե յուր դիրքով և թև յուր ծագումով չէր համապատասխանում նրանց կոչմանը։ Բայց օրիորդը այնքան բնավորության զորություն ուներ, որ, հակառակ ծնողների կամքին, թողեց հայրենական տունը և սկսեց սիրած երիտասարդի հետ ապօրինի ամուսնությամբ ապրել։ Այնուհետև ծնողները բոլորովին մերժեցին նրան և միշտ անհաշտ մնացին նրա հետ։ Բայց տիկինը ուներ մի ազգական, որ ծառայում էր մինիստրության մեջ։ Այդ բարձր աստիճանավորը սաստիկ սիրում էր տիկնոջը և գնահատում էր նրա արժանավորությունները։ նա մինչև անգամ մեղադրում էր տիկնոջ ծնողներին, որ այնպես անգթաբար վարվեցան նրա հետ։ Ահա այդ ազգականի հետ տիկինը սկսեց բանակցություններ անել քո ազատության մասին և, կարծես հաջողված է...։

— Այդ դու ո՞րտեղից գիտես, իմ ավետաբեր հրեշտակ,— բացականչեցի ես և սկսեցի անհագաբար համբուրել նրա ձեռքերը։

— Գիտեմ, մի քանի օր առաջ տիկինը ցույց տվեց ինձ մի նամակ, որ նոր էր ստացել Ս. Պետերբուրգից ու ասաց.— Նենե, քո բախտը վճռված է»...։

— Բարերա՜ր աստված, փառք լինի քո գթությանը,— կրկին բացականշեցի ես, հետո դառնալով դեպի իմ ազատիչը, ասեցի նրան»— այդ բոլորը քեզ եմ պարտական. քե՛զ, եթե դու չլինեիր, եթե դու չգտնվեիր բժշկապետի ընտանիքի մեջ, ո°վ կդարձներ նրանց բարի ուշադրությունը ինձ վրա։ Դու, միայն դու քո հրեշտակայն բնավերությամբ գրավեցիր քո տիկնոջ սիրտր և նրա ամուսնու ցավակցությունը դեպի մեր թշվառ վիճակը։ Եթե դու չլինեիր ես հավիտյան կորած էի թե՛ աշխարհի և թե՛ քեզ համար...»։

Այդ միջոցին դուռը բացվեցավ, և ծերունի սպասավորի երկայն կերպարանքը հայտնվեցավ շեմքի վրա։

— Օրիորդ,— դարձավ նա դեպի Նենեն,— օրը լուսանում է, լավ չի լինի, եթե քեզ տեսնեն այստեղ։

Նենեն վեր կացավ և, ինձ հետ կրկին և կրկին համբուրվելով, հեռացավ, ասելով.

— Շուտով դարձյալ կտեսնվենք...: