Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր տալիս փոշոտած հագուստները, պատվիրում էր զգույշ լինել։ Նույն պարտիզում տիկինը շինել էր տվել փոքրիկ մանուկների համար զանազան մարմնամարզական գործիքներ, սովորեցրել էր նրանց մի քանի կանոնավոր խաղեր, կրթություններ և շատ անգամ ինքն ևս մասնակցում էր նրանց զվարճությունների մեջ։ Դրանք տիկնոջ աշակերտներն ու աշակերտուհիներն էին, որոնց հետ որոշյալ ժամերում պարապում էր նա։ Դրանք թշվառ աքսորյալների զավակներն էին, որոնց ընտանիքով ուղարկել էին այնտեղ բնակության համար։ Տարվա բարեխառն ամիսներում տիկինը պարապում էր նրանց հետ պարտիզում, իսկ երբ սկսվում էին ցրտերը, նրանց համար մի առանձին սենյակ էր որոշել յուր տան մեջ։ Նրա դպրոցը փոքրիկ էր, աշակերտների ու աշակերտուհիների թիվը հասնում էր ութը հոգու, որոնք սովորում էին ձրի և նույնպես ձրի ստանում էին թե՛ գրքեր և թե դասական այլ առարկաներ։ Տիկինը յուր ծանոթներից կազմել էր բարերարների մի շրջան, որոնք մատակարարում էին բոլոր ծախքերը։

Իսկ այն օր սպիտակ տնակում ինչ-որ անսովոր շարժում կար, ինչ-որ պատրաստություններ էին լինում։ Փոքրիկ չարաճճիները այլևս չէին վազվզում. նրանք, դարան մտած կատուների նման, հավաքվել էին հովանոցի շուրջը և պլշած աչքերով նայում էին դեպի սենյակների լուսամուտները։ Տիկինը այն օր խոստացել էր նրանց քաղցրավենիք բաժանել։ Նոր բոված ղահվեի ախորժելի հոտը դեռ բուրում էր օդի մեջ։ Սպասավորր հագել էր յուր սև սերթուկը, որ խիստ հազիվ անգամ էր հագնում, և կրում էր սպիտակ ձեռնոցներ ու սպիտակ պողպատ։ Նենեն նույնպես հագել էր յուր տոնական հագուստները և պարտիզում ծաղիկներ էր փնջում սեղանի համար։ Բացված լուսամուտներից երևում էին սենյակներում անցուդարձ անող հյուրերի ուրախ դեմքերը։ Ինքը բժշկապետը այն օր կտրել էր գլխի մազերն ու եղունգները, որ տարվա մեջ հազիվ մի քանի անգամ էր պատահում, ժամանակ չգտնելու պատճառով։ Իսկ նրա մանկահասակ կինը հագել էր մետաքսյա սև հագուստ, և գլխի շիկագույն խիտ գիսակների մեջ երևում էր մի մեծ, սպիտակ վարդ։

Հյուրերի թվում գտնվում էին տեղային ծառայողներից մեծ և փոքր աստիճանավորներ իրանց կանանց հետ։ Սեղանի վրա պատրաստված էր նախաճաշիկ, դրած էին զանազան ըմպելիքներ։ Հյուրերր ոտքի վրա ուտում էին, խմում էին, ծխում էին և շատախոսում էին։ Տանտիկինը անդադար դիմում էր մեկից դեպի մյուսը և