Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենի համար նա պատրաստ ուներ մի քանի քաղցր խոսքեր։ Բժշկապետը ուշադրություն չէր դարձնում նրանց վրա, այլ մի անկյունում առանձնացած, տաք վիճաբանության մեջ էր մի լեռնային ինժիների հետ։ Նա պնդում էր, թե տեղային հանքային բովագործության եղանակը խիստ ապարդյուն է, և աշխատում էր ապացուցանել, որ արտասահմանում այժմ բոլորովին ուրիշ սիստեմներ են ընդունված։ Վիճաբանությանը վերջ դրվեցավ, երբ հյուրերի մեջ լսելի եղավ. «կամենդանտը գալիս է»։ Այդ ժամանակ միայն բժշկապետը բաց թողեց տգետ ինժեների օձիքը, դուրս եկավ յուր անկյունից և դիմեց դեպի սանդուղքները՝ հարգելի հյուրին ընդունելու համար։ Տիկինը նույնպես մոտեցավ դռանը։

Կամենդանտի գալուց հետո ներս բերեցին սկուտեղների վրա շարած շամպանիայի գինու երկայն գավաթներ։ Սառույցի մեջ դրած շիշերը վաղուց սպասում էին այդ հանդիսավոր րոպեին։

Կամենդանտը, բոլորի հետ բարևելուց հետո, անցավ սենյակի վերևի կողմը և ոտքի վրա մնաց։ Նրա կշտին կանգնած էր մի երիտասարդ, որին յուր հետ էր բերել։ Գունաթափ, մաշված դեմքով այդ երիտասարդը այնպիսի տխուր տպավորություն էր գործում, որ, կա՛մ նոր էր դուրս եկել հիվանդանոցից, կա՛մ նոր էին բաց թողել նրան երկար տարիների բանտարկությունից։ Այդ թառամած դեմքը, որը, երևի, շատ ժամանակ չէր ծիծաղել, այժմ փոքր-ինչ զվարթացել էր, և նրա մռայլված աչքերում երևում էին ուրախության նշույլներ։

Սենյակի մեջ տիրեց լռություն։ Հյուրերը ոտքի վրա սպասում էին. բոլորի աչքերը դարձրած էին դեպի կամենդանտը։ Նա մի համառոտ հառաջաբանից հետո հանեց ծոցից մի թուղթ, սկսեց կարդալ: Երբ վերջացրեց ընթերցումը, ամբողջ սենյակը թնդաց ուռաների աղաղակներով. «Կեցցե կայսրը», մի քանի անգամ լսելի եղավ բոլորի բերանից։ Հետո ամենքը, շամպանիայի գավաթները ձեռներին, մոտեցան գունաթափ երիտասարդին և շնորհավորեցին նրան։

Երիտասարդը Մուրադն էր. կարդացին նրան ներումն շնորհելու թուղթը, Նա ազատված էր աքսորանքից։

Շամպանիայի գավաթները դատարկվեցան. ամենքը խմեցին կայսրի կենացը։ Այդ ժամանակ առաջ անցավ բժշկապետը և, առաջարկելով խմել մի նոր կենաց, խնդրեց նախապես լսել իրան։ Նա սկսեց մի փոքրիկ ճառ. խոսում էր հանդարտ, սահուն և առանց պաճուճանքների։ Ճառախոսը, որ բավական ծանոթ էր դատապարտյալի