Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարվեր։ Դրանով ես իմ խիղճը հանգստացրած կլինեի: Բայց դարձյալ ուրախ եմ, որ քեզ ազատված եմ տեսնում և բախտավոր։ Իսկ այն ծառայությունը, որ պատրաստել էի կատարել քո փրկության համար և որի մասին մի քանի անգամ դիմեցի քեզ, այն ծառայությունը ես մատուցի քո երկու բարեկամներին։ Հուսով եմ, որ այդ էլ բավական կլինի, որ դու ներես ինձ և չհիշես մեր անցյալը...։

Մուրադը, ձեռք տալով նրան, ասաց.

— Շնորհակալ եմ, մոռանում եմ բոլոր անցյալը...:

Փոստային իջևանը շատ հեռու չէր։ Մուրադը իջավ կառքից. սկսեց նրա հետ ոտքով գնալ։ Նենեն մնաց կառքի մեջ, որը կամաց-կամաց քշում էին դեպի իջևանը։

Այդ մարդը քավոր Պետրոսն էր։ Մինչև իջևան հասնելը նա պատմեց, թե ինչ հնարքով կարողացավ փախցնել Համրին և Ավազակապետին։

— Բայց դու ի՞նչպես կարողացար այդքան մոտիկ հարաբերություններ ունենալ դատապարտյալների հետ,— հարցրեց Մուրադը։

— Քեզ հայտնի է, որ վերջին օրերում տիֆով հիվանդների թիվը սաստիկ բազմացավ. օր չէր անցնում, որ մի քանի հոգի չմեռնեին։ Տեղային միակ քահանան նույնպես հիվանդացավ, այդ պատճառով քահանայի մեծ պահանջ կար։ Ես, իբրև պատահական հույն աբեղա, առաջարկեցի իմ ձրի ծառայությունը։ «Փեշքեշի ձիու ատամներին չեն մտիկ անում»։ Ինձ նույնպես չքննեցին։ Ես ազատ մուտք ունեի թե՛ բերդում և թե հիվանդանոցում։ Այդ բավական էր իմ նպատակին հասնելու համար։

— Դու նախածանո՞թ էիր Համրի և Ավազակապետի հետ։

— Ոչ։ Այսքանը միայն գիտեի, որ նրանք քո բարեկամներն են։ Բացի դրանից, այդ մարդկանց ես շատ հավանեցի։ Նրանք սովորական մարդկանց տեսակից չէին։

Կառքը հասավ իջևանին։ Մուրադը մոտեցավ, վեր բերեց Նենեին։ Այստեղ պետք է մի փոքր ճաշեին, հետո ճանապարհ ընկնեին։ Նենեն հայտնեց, թե ուտելու ախորժակ չունի. նա մոտեցավ, թեք ընկավ դիվանի վրա, և մի քանի րոպեից հետո նրա քունը տարավ։ Նա սաստիկ հոգնած էր։ Ամուսինը ծածկեց նրան և թողեց հանգստանալ։

Մուրադը և քավոր Պետրոսը դուրս եկան մյուս սենյակը և