Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջեցին նախաճաշիկ։ Հասարակ կաղնյա փայտից շինած սեղանի վրա,— որի մակերևույթը պատած էր բազմաթիվ սև խորշիկներով, որոնք գոյացել էին ծակ սամովարի տակից թափված կրակներից,— դրվեցավ մի շիշ գինի, պանիր, հաց և մի ամբողջ խաշած հավ։ Մուրադը յուր հին դաստիարակի հետ նստեց այդ սեղանի մոտ։

Քավոր Պետրոսը տխուր էր. նրա թախծալի դեմքը ցույց էր տալիս ներքին խռովություն։ Մուրադը այժմ միայն ուշադրությամբ նայեց այդ երկաթե մարդու վրա։ Նա բավական փոխվել էր։ Նրա մորուքի և գլխի մազերը բոլորովին ճերմակացել էին։ Նրա ճակատի վրա առաջ կար մի մռայլ դրոշմ, որը դրված էր այն ժամանակ, երբ առաջին անգամ մի մեծ հանցանքի համար նրան Սիբիր աքսորեցին։ Հետո փախչելով այնտեղից, այդ ամոթալի նշանը նա ամենայն զգուշությամբ միշտ ծածկում էր, որ չճանաչվի։ Երբ նա յուր մորթյա թանձր գլխարկը մի կողմ դրեց, այժմ միայն Մուրադը նկատեց, որ այն դրոշմի հետքերը բոլորովին կեղծված էին, իսկ նրա փոխարեն տարածված էր լայն ճակատի վրա մի սարսափելի սպի։ Երևում էր, որ շիկացրած երկաթով ամբողջ ճակատը այրել ու խարել էին։

— Քո ճակատի վրա ես մի փոփոխություն եմ նկատում,— հարցրեց Մուրադը։

— Այդ ես արեցի քեզ համար,— պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով։— Ես կորցրի այն սև դրոշմի հետքերը, որպեսզի չճանաչվեմ և ավելի վստահությամբ կարողանամ մոտենալ այն բնակարանին, որտեղից մտածում էի ազատել քեզ։

Այդ վերին աստիճանի զոհաբերությունը մի պարզ ապացույց էր այդ հին չարագործի անկեղծությանը դեպի յուր սիրելի սանիկը, որը սաստիկ զգածվեցավ և, լցնելով բաժակը, մեկնեց նրան ու ասաց.

— Խմի՛ր, հագեցրու քաղցդ։ Ես քեզ կառնեմ իմ կառքի մեջ և կտանեմ մեր հայրենիքը։ Բավակա՛ն է, որքան թափառեցիր, բավական է, որքան աշխարհից աշխարհ պտտեցար։ Թո՛ղ այժմ գոնե ծերությունը ստիպեցնե քեզ հայրենի տնակի տակ անցկացնել կյանքի վերջին օրերը։

Նա խմեց բաժակը՝ պատասխանելով.

— Ոչ, ես չեմ ների ինձ նստել այն կառքի մեջ, այն կնոջ մոտ, որին մի ժամանակ ես հրամայեցի սպանել և դահճի պաշտոնը քեզ հանձնեցի, Մուրադ։ Դու ավելի բարեխիղճ գտնվեցար, քան թե ես,