Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և խնայեցիր անմեղ կյանքը, և քո բարությունը վարձատրվեցավ...։ Այդ նազելի հրեշտակը, երևի, չէ ճանաչում ինձ, եթե ճանաչեր, անպատճառ կզզվեր ինձանից։ Ոչ, ես իմ ներկայությամբ չեմ պղծի մի սուրբ ամուսնություն։ Գնացե՛ք, տեր ընդ ձեզ և տարեք ձեզ հետ իմ օրհնությունը, եթե աստված կընդունե օրհնությունը իմ եղեռնագործի շրթունքներից։ Իսկ ես Կայենի նման կթափառեմ աշխարհից աշխարհ, մինչև դժոխքը կխղճա իմ վրա և իմ առջև բաց կանե յուր դռները...։

Նա գլուխը քաշ գցեց, և նրա խիտ, ճերմակ ծամերը թափվեցան սոսկալի ճակատի վրա, ծածկեցին արտասուքը, որ գետի նման հոսում էր այն աչքերից, որոնք երբեք արտասվելու սովոր չէին եղել։

— Դու կարծո՞ւմ ես, որ քեզ համար փրկություն չկա, դու կարծում ես, որ չե՞ս կարող մաքրել քո խիղճը,— հարցրեց Մուրադը խորին ցավակցությամբ։— Ապա ինչո՞ւ համար է քրիստոնեական ներողամտությունը, որ հաշտեցնում է մեղավորին սիրո և խաղաղության աստուծո հետ։

— Շատ անգամ փորձել եմ, բայց չէ հաջողվել...,— պատասխանեց նա առանց գլուխը վեր բարձրացնելու։— Մեղքը միացել է իմ հոգու, սրտի և ամբողջ մարմնի հետ։ Նա ամեն րոպե սնունդ է պահանջում։ Չեմ կարող չկերակրել նրան։ Նա ինձ հետ պետք է ապրե, որպես չարություն, միայն չար գործելու համար։ Չեմ կարող բաժանվել նրանից։ Միթե կարելի՞ է օձից խլել թույնը և կարիճին այնպես դաստիարակել, որ չխայթե...։

Նա գլուխը վեր բարձրացրեց և ճակատի վրա թափված մազերը մի կողմ ձգեց։ Այժմ նրա ահռելի աչքերում, փոխանակ արտասուքի, նկատվում էր բարկության կրակը։

— Այո՛, չեմ կարող...,— կրկնեց նա։— Ես մի չար դևի նման պետք է պատժեմ մարդկանց անիրավությունները միայն անիրավություններով...։ Մարդիկ իրանց են ստեղծել ինձ նման պատիժը իրանց համար... Ես նրանց մեղքերի հրեշավոր ծնունդն եմ...։ Նրանց վատ օրինակներով ես էլ մոլորվեցա։

— Հենց այդ գիտակցությունը բավական է, որ ուղղե և փրկե քեզ,— կտրեց նրա խոսքը Մուրադը։— Ես էլ այդ գիտակցությանը հասա և փրկվեցա։

— Հասկանում եմ...։ Բայց այդ փրկության մեջ կլինի և իմ մահը...։ Իսկ ես դեռ մեռնել չեմ ուզում...։ Սատանան պետք է անմահ մնա...։