Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա միայն խմում էր, բայց ոչինչ չէր ուտում։ Մուրադը պատվիրեց մի նոր շիշ գինի ևս դնել սեղանի վրա։

— Երբեմն բարություն եմ գործում,— ասաց նա,— ինչպես միգապատ երկնքի կամարի վրա ճեղքվում են թանձր ամպերը և րոպեապես դուրս են ցոլանում արեգակի կենսատու ճառագայթները։ Բայց այդ երկար չէ տևում. կրկին անցնում են սև ամպերը, և ամեն ինչ կրկին նսեմանում է, մթնում է...։— Ես ուրախ կլինեի, որ կատարյալ չարագործ լինեի և իմ մեջ բնավ բարության սերմեր չլինեին։ Այն ժամանակ խիղճս ավելի հանգիստ կլիներ։ Այն ժամանակ գուցե ամենևին չէի զգա, որ ես չար եմ։ Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինչպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սևը։ Կցանկանայի, որ իմ սրտի մեջ ամեն ինչ միագույն լիներ, կա՛մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կամ չար։ Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են։ Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են։ Իսկ ի՞նչ եմ ես։— Մի այլանղակ խառնուրդ։ Ինչո՞վ կարող եմ ես բախտավոր լինել, երբ իմ սրտի մեջ միշտ պատերազմ կա, և մանավանդ, չարը ավելի զորեղ է, քան թե բարին...։

Նա վեր կացավ, ասելով.

— Ա՜խ, ինչո՞ւ եմ այդքան երկար խոսում։ Դուք պետք է ճանապարհ գնաք, իսկ ես ուշացնում եմ ձեզ։ Նա մոտեցավ յուր ճանապարհորդական պարկին և, հանելով նրա միջից մի ծանր քսակ, մեկնեց Մուրադին, ասելով.

— Ես կխնդրեի քեզանից, որ թեթևացնեիր իմ բեռը և ընդունեիր այդ, գուցե քեզ հարկավոր կլիներ։

— Շնորհակալ եմ,— ասաց Մուրադը հրաժարվելով։— Բժշկապետը հոգացել է մեր ճանապարհի ծախքը։

— Գիտեմ... դու խորշում ես այդ ոսկիներից, որովհետև նրանք շաղախված են արյունով...։ Բայց գիտե՞ս հին առակը։ Հուդայի ստացած երեսուն արծաթի մեջ նույնպես արյուն կար։ Այդ երեսուն արծաթով գնեցին մի ագարակ, որ կոչվեցավ «Ագեղտամա», որ նշանակում է արյան ագարակ։ Ավանդությունն ասում է, որ այդ ագարակի վրա մշակվում էին Երուսաղեմի ամենապտղաբեր ձիթենիները։ Երբ դու կհասնես քո հայրենիքը, այնտեղ քեզ մեծ աշխատություններ են սպասում։ Այդ ոսկիներով կգնես մի ագարակ և կսկսես նրա վրա մշակություններ անել։ Թող այդ ագարակը կոչվի «արյան ագարակ», փույթ չէ, բայց քո աշխատությունը կբուսեցնե նրա վրա հայրենիքի ամենապտղաբեր տունկերը։ Ես իմ