Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նիկոլ, ես սիրում եմ քեզ․․․ արդյոք իմանո՞ւմ ես, թե ինչ եմ ասում․․․ ես քեզ համար մեռած եմ... քո փոխադարձ սերը կկենդանացնե ինձ։ Մի՛թե դու չես խղճալու ինձ, թե այս շաբաթ ևս քեզ չտեսնեմ, ես կգժվեմ։

Սոֆի»:

Նա նամակը ծրարեց և ուղարկեց յուր սպասավորի ձեռքով: Այնուհետև միայնակ յուր սենյակում նստած, ձեռքը ծնոտին դրած, երկար և երկար սկսեց մտածել. «Այո՛, նա դեռ երեխա է», ասում էր նա․ «նա դեռ անմեղ է, դեռ ոչինչ չէ հասկանում… Բայց ի՛նչքան գեղեցիկ, ի՛նչքան ազնիվ է նա … օ՜, որքան սքանչելի՜ է։ Թող գա նա, թող գա, թեև սիրո հրեշտակը դեռ չէ ձգել նրա սրտի մեջ և ոչ մի կայծ երկնային հուրից, բայց ես, ես կվառեմ նրա մեր այդ աստվածային կրակը, և նա կսկսի բորբոքվել… բայց նա փախչում է ինձանից, խեղճ երեխա»․․․

Եվ օրիորդը երկու ձեռքով բռնեց յուր գլուխը, արտասուքն ակամա սկսեց թափվել նրա աչքերից։

Մայիլովը, կարդալով օրիորդ Սոֆիի նամակը, մտածեց պատասխան գրել։ Նա նստեց գրասեղանի հանդեպ, վեր առավ գրիչը, բայց որքան մտածեց մի բան գրել, մտքին ոչինչ չեկավ։ Նա գրիչը վայր ձգեց և սկսավ կարդալ մի քանի գրքեր, օրինակ՝ խրեստոմատիա և դրա նման գրքեր, որ նրանցից մի օրինակ վեր առնի։ Մի փոքր ոգևորվելուց հետո վեր առավ գրիչը։ Մի քանի տող գրեց, ջնջեց, նկատեց, որ ոչինչ միտք չկա, դարձյալ տհաճությամբ գրիչը վայր ձգեց, և որպես արբեցած՝ շտապով վեր կացավ, գլխարկն առավ և քայլերն ուղղեց դեպի Հացի—Գելենց տուն։

Երեկոյան ժամը վեցն էր։

Նա գտավ օրիորդ Սոֆիին դահլիճում նստած մի քանի հյուրերի մոտ, որոնք բոլորն էլ հասակավոր կանայք էին, նրանց հեռու և մոտիկ ազգականներից։

Հյուրերին մատուցանվում էին թեյ. օրիորդը սպասավորում էր թեյի սեղանի շուրջը։

Մայիլովը գլուխ տվավ և լռությամբ նստավ մի անկյունում։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա, միայն տիկին Բարբարեն հարցրեց.

— Նիկոլ, ո՛ւր էիր այս քանի օրս։

— Մի փոքր տկար էի,— ասաց Մայիլովը։

Այդ մի քանի խոսքով վերջացավ նրանց մեջ խոսակցությունը։ Բայց օրիորդ Սոֆիի գույնն իսկույն փոխվեցավ, երբ տեսավ