Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՀՐՈՒՄԱՐ

«Զահրումարը» Րաֆֆու այն ստեղծագործություններից է, որի գրության պատմության շուրջը ծավալուն մանրամասներ հայտնի չեն։ Վեպի առաջաբանում հեղինակը ուղղակիորեն ասում է, որ ինքը ««Զահրումարը» գրել է 1871 թվականին, Թիֆլիսում, ուր նա իր գործերի պատճառով ստիպված է եղել տարի և կես մնալ»։

Այս վեպը տպագրելու առաջին փորձը Րաֆֆին ձեռնարկում է 1873 թվականի սկզբին։ «Մշակի» 1873 թվականի մայիսի 10-ին, 17-րդ համարում, խմբագրությունը հեղինակի անունից անում է մի այսպիսի հայտարարություն. «Եթե հայկական գրականություն սիրողները իրենց նյութական օգնությամբ կնպաստեն մեզ, «Փունջի» տպագրությանը,— ասված է հայտարարության մեջ,— այնուհետև խմբագրությունս նպատակ ունի ի լույս ածել Րաֆֆիի և մյուս բանաստեղծությունքը, որպիսիք են «Խլվլիկ» վիպասանությունը երեք հատորով Պարսկաստանի կյանքից առնված և «Զահրումար» ռոմանը երկու հատորով Թիֆլիսի կյանքից առնված...»: Նյութական օժանդակություն չստանալով, Րաֆֆու այս նպատակադրումը մնում է անկատար։ Մեկ տարի անց, երբ Րաֆֆին «Փունջի» առաջին գրքում հրատարակում է իր ստեղծագործությունները տասը հատորով տպագրելու ծրագիրը՝ չորրորդ հատորում նախատեսում է տեղադրել «Զահրումարի» առաջին և երկրորդ մասերը։ Ինչպես հայտնի է, Րաֆֆու այս ցանկությունը նույնպես չի իրագործվել։ Նա նյութական հնարավորություն չունեցավ առաջին և երկրորդ հատորներից հետո շարունակել «Փունջի» հրատարակությունը, ուստի և «Զահրումարի» տպագրությունը այս անգամ ևս չի իրագործվում։

Ինչպես վկայում է Աննա Րաֆֆին, հեղինակը 1887 թ. «Կայծերի» երկրորդ հատորի վերջին էջում հայտարարություն է տպագրում այն մասին, որ մտադիր է հրատարակել իր մի շարք անտիպ և սպառված ստեղծագործությունները, այդ թվում նաև «Զահրումար» վեպը։ Ճիշտ նույնպիսի հայտարարության մենք հանդիպում ենք 1888 թվականին մահվանից ընդամենը մի քանի ամիս առաջ տպագրված «Սամվել» վեպի վերջին էջում։ Այսպիսով, փաստերը բերում են այն