Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եզրակացության, որ տարիներ շարունակ Րաֆֆին ցանկացել է այս վեպը տպագրել, բայց նյութական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չի ունեցել իրականացնելու իր նպատակադրումը։

Վերջապես հեղինակի մահվանից մոտ 7 տարի հետո, 1895 թվականին՝ նրա այրին՝ Աննա Րաֆֆին, Թիֆլիսում հրատարակում է այս վեպը։ Նույն թվականի «Մշակի» օգոստոսի 26-ի համարում տպագրվում է հայտարարություն՝ վեպի լույս տեսնելու մասին, որտեղ խմբագրությունը, մեջ բերելով Րաֆֆու կողմից վեպին կցած «Հառաջաբանը», խոստանում է հայտնել իր կարծիքը հեղինակի այդ «գրական փորձի» մասին։ Չանցած մի քանի օր, «Մշակի» նույն թվականի սեպտեմբերի 7-ին, 102-րդ համարում, տպագրվում է Հ. Առաքելյանի «Րաֆֆու «Զահրումար» վեպը» վերտառությամբ հոդվածը։ Նպատակ ունենալով Րաֆֆու հեղինակությունը կապել «Մշակի» գոյության հետ, հոդվածագիրը ամեն կերպ աշխատում է արատավորել Րաֆֆու մինչմշակյան աշխարհայեցողությունը։

Անտեսելով հեղինակի ունեցած ցանկությունը «Զահրումարի» հրատարակման հարցում, հոդվածագիրը գրում է. «Այն հանգամանքը, որ Րաֆֆին իր կենդանության ժամանակ ամբողջ 18 տարի հարկավոր չհամարեց հրատարակել «Զահրումար» գրվածքը, պարզ ցույց է տալիս, որ նա ինքն արդեն հրաժարվելով հրաժարվել էր այդ «գրչի փորձի» միջի արծարծած մտքերից և գաղափարներից»։ Այս ամենից նա հետևեցնում է, որ Աննա Րաֆֆու կողմից սույն վեպի տպագրությունը միանգամայն ավելորդ է։ Միաժամանակ այս վեպը հրատարակելու հիմնական շարժառիթը հոդվածագիրը համարում է ոչ թե Րաֆֆու ստեղծագործությունները մասսայականացնելու ցանկությունը, այլ դրանց միջոցով շահվելու ձգտումը։

«Մշակի» այս նախատինքը անհետևանք չմնաց։ Աննա Րաֆֆին խմբագրին ուղղված իր նամակում Հ․ Աոռքելյանի հոդվածը համարեց մի տենդենցիոզ հարձակում և «անձնական շահերի համար կրքերի ազդեցության տակ գրած կրիտիկա» (տե՛ս, «Արձագանք», 1895 թ., № 121)։

Աննա Րաֆֆին իր հոդվածում հերքում է Հ. Առաքելյանի այն պնդումը, որ իբր հեղինակը իր կենդանության ժամանակ չի ցանկացել «Զահրումարը» տպագրել և որպես ապացույց մատնանշում է վերևում բերված օրինակները այն մասին, թե Րաֆֆին երբ և ինչպիսի պայմաններում է ցանկացել տպագրել վեպը։

Հ. Առաքելյանը «Էլի մի փաստ» հոդվածով (տպագրված «Մշակում») նորից է անդրադառնում նույն հարցին և կրկնում իր տեսակետը՝ Րաֆֆու վաղ շրջանում մեղվական շինելու մասին։ Հոդվածագիրը որպես ապացույց դարձյալ մատնանշում է վեպի առաջաբանը։

Մեկ ամիս անց «Արձագանքը» վերստին անդրադառնում է այս հարցին, տպագրելով Հ. Ճաղարբեկյանի «Րաֆֆու «Զահրումար» վեպը» վերնագրով մեծածավալ հոդվածը (տե՛ս «Արձագանք», 1895 թ. № 144)։

Քննարկելով վեպը, Հ. Ճաղարբեկյանը անդրադառնում է նաև Առաքելյանի հայտնած կարծիքներին և հակադրվում նրան, պնդելով, որ վեպի տպագրությունը ոչ միայն ավելորդ չէ, այլ նույնիսկ ակտուալ է ու հետաքրքիր. «Րաֆֆու այս նոր վեպը,— գրում է նա,— թեև զերծ չէ գեղարվեստական թերություններից, բայց հետաքրքիր է նույնիսկ ժամանակակից նշանակությամբ»։ Րաֆֆու այս վեպը մինչև այժմ ունեցել է չորս հրատարակություն։ Առաջին անգամ, ինչպես նշվեց վերևում, տպագրվեց է Թիֆլիսում, 1895 թվականին,