Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակի կնոջ՝ Աննա Րաֆֆու, հրատարակությամբ, երկրորդը՝ 1930 թվականին, Վիեննայում, որպես Րաֆֆու երկերի ժողովածվի ԺԱ հատոր։ Երրորդը՝ 1938 թվականին Կահիրեում, որպես «Նեղոս մատենաշարի» հերթական հրատարակության։ «Զահրումարը» չորրորդ անգամ տպագրվել է 1955 թվականին Երևանում, Րաֆֆու երկերի տասհատորյակի երկրորդ հատորում։

Հետաքրքիրն այն է, որ Րաֆֆու այս վեպը ունեցել է նաև բեմական պատմություն։ 900-ական թվականներին թատերասեր և անվանի գրաշար Մ. Գուլազյանը «Զահրումարը» վեր է ածում պիեսի, որը և խաղացվում է Հավլաբարի Արաքսյանի թատրոնում, սիրողների կողմից։ Երևանի ԳԱ գրականության և արվեստի թանգարանի դրամատուրգիայի ֆոնդի 194-րդ համարի տակ պահվում է այս պիեսի անթվակիր մի ձեռագիր օրինակը։ Տետրը, որը բաղկացած է 182 էջից, առաջին երեսում գրված է «Զահրումար», կոմեդիա 4 արարվածով, փոխադրությունը Րաֆֆիի նույնանուն վեպից. Մ. Գուլազյանի», նույն էջի ներքևի եզրում գրված է, որ պիեսը արտագրված է Վ. Գալստյանցի (դերասան) կողմից։ Հանդիպակաց էջում պահպանվել է ցարական գրաքննիչի թույլտվությունը, որ կրում է 1905 թ. 20 հուլիսի թվակիրը։ Այս տարեթիվը հավանաբար հանդիսանում է առաջին ներկայացման թույլավության ժամանակը։

Բացի դրանից, նույն տեղում 242-րդ համարի տակ պահպանվում է «Զահրումար» կամ (Ճանճուր Իվանիչ) անունով կոմեդիան (3 գործ, և 4 պատկեր)։ Ինչպես երևում է եղած մակագրություններից, վեպը պիեսի է փոխադրել դերասան Հ. Ոսկանյանը, 1914 թվականին՝ Բաքվում։

«Զահրումար» վեպը Ճանճուր Իվանիչի մահով ավարտվում է, սակայն, հեղինակը այս վեպին կցել է նաև մեռնողի «Կտակը» — մի չափածո հատված (բաղկացած 57 քառատողից), որը ժամանակին Րաֆֆու կողմից վերամշակվելով հրատարակվել է նաև «Փունջի» առաջին հատորում (59 քառատող) իբրև «Զահրումարից» զատ, անկախ ստեղծագործություն։

«Զահրումարի» տեքստը տպագրության պատրաստելիս՝ կազմողները հիմք են ընդունել 1395 թվականին Թիֆլիսում տպագրված գիրքը, մասնակի դեպքերում օգտվելով նաև 1930 թվականի հրատարակությունից։

ՄԻՆՆ ԱՅՍՊԵՍ, ՄՅՈՒՍՆ ԱՅՆՊԵՍ

«Մինն այսպես, մյուսն այնպես» վեպի գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Հեղինակը, ինչպես նաև վեպի առաջին հրատարակիչ Աննա Րաֆֆին անուշադրության են մատնել այս կարևոր հանգամանքը։ Վեպի գրության շարժառիթների և ստեղծագործության պատմության մասին տեղեկություններ նույնպես հայտնի չեն։ Այս հարցերի վերաբերյալ որևէ ստույգ բան գրելը ավելի քան դժվարանում է Րաֆֆու արխիվի և վեպի ձեռագրի բացակայության հետևանքով։

1876 թվականի մամուլից հայտնի է դառնում, որ այդ թվականի սկզբում Թիֆլիսում բարձրանում է գործակատարների համար փոխադարձ օգնության ընկերություն հիմնելու խնդիրը, որին առանձին հոդվածով անդրադառնում են ինչպես «Մշակն» ու «Մեղու Հայաստանին», այնպես էլ վրացական «Դրոեյբա» թերթերը։ Հասարակական այս նույն խնդրին իր վերաբերմունքը ցույց տվեց նաև Րաֆֆին, գրելով «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպը։ Ինչպես թերթերը, այնպես էլ Րաֆֆին արծարծում են չքավոր դասի գործակատարների համար փոխադարձ