Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատանի գիմնազիստին։ Նա մի գավաթ թեյ յուր ձեռքով մատույց նրան և հեզիկ շշնջաց.

— Ախ դու անխիղճ։

Պատանու աչքերը վառվեցան։ Նա չիմացավ ինչպես խմեց թեյը։ Միայն հետո զգաց, որ բերանն այրվել է։

Օրիորդը սրտնեղում էր տհաճությունից, թե երբ են կորչելու հյուրերը։ Բայց տեսնելով, որ նրանք երկար պիտի նստեն, մոտեցավ յուր մորը և ասաց նրան հազիվ լսելի ձայնով.

— Գլուխս ցավում է, ես կամենում եմ գնալ իմ սենյակը։

— Գնա՛,— ասաց մայրը։

Ներողություն խնդրելով հյուրերից, օրիորդը դուրս գնաց դահլիճից։ Մի քանի րոպեից հետո Մայիլովը նույնպես վեր կացավ և գլուխ տվավ և կամենում էր հեռանալ։

— Ո՞ւր, Նիկոլ,— հարցրեց տիկին Բարբարեն։

— Գնում եմ Գրիգոլի մոտ,— ասաց ես։ Պատշգամբի վրա սպասում էր նրան օրիորդ Սոֆին։ Նրանք միասին մտան օրիորդի սենյակը։

Բայց թե ինչ խոսեցին կամ ի՛նչ արին առայժմ ես չեմ կամենում դիպչել նրանց գաղտնիքներին, միայն այսքանը բավական է ասել, որ պատանի գիմնազիստը այս անգամին այնքան էլ ամոթխածությամբ չէր վարվում նրա հետ, որպես առաջին անգամ երևեցավ նրա մոտ յուր տետրակներով։

Իսկ տիկին Բարբարեն զբաղված էր յուր հյուրերով, որոնցից մի կնճռված երեսով պառավ դիմելով նրան՝ ասաց վրացերեն.

— Շատ ապրի աղջիկդ, շատ շնորհալի աղջիկ է։

— Իհարկե, ուսում առած աղջիկը մեզ պես չի լինի,— պատասխանեց տիկին Բարբարեն։ — Մենք մեր ժամանակը անց ենք կացրել ոչինչ չսովորելով։

— Մադամ Բարբարե,— կրկնեց մի այլը հայերեն լեզվով,— մադեմուազել Սոֆին զավոդեմե՞ն է դուրս եկի։

Այսինքն կամենում էր ասել զավեդենիան է ավարտե՞լ։

Բայց տիկին Բարբարեն նույնպես չկարողանալով այդ այլազգի բառը կանոնավորապես արտասանել պատասխանեց․

— Բա՜, զավոդեմեն, կուրսը պրծացրիլ է, ատեստաթ ունե։

— Կուրսը ի՞նչ է, անմարթի շլինք,— հարցրեց հյուրերից մինը։

Բայց տիկին Բարբարեն չգիտեր, թե ի՞նչ պատասխանե, որովհետև իրան նույնպես հայտնի չէր այդ բառի նշանակություն, որ դեռ նոր էր սովորած յուր աղջկանից։ Նա մտածեց և այդ հարցին