Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին Սալմաստում եղած ժամանակ 1856-68 թթ. կատարում է բավականին ուսումնասիրական աշխատանքներ։ «Սալմաստա մեջ եղած ժամանակս,— գրում է նա,— իմ գլխավոր զվարճություններից մեկն էր Սավրա գյուղ գնալը։ Այդ գյուղը նշանակության է ստացել նրանով, որ այնտեղ են բնակվում այն հանրածանոթ մարդիկ, որ կոչվում են «խաչագողներ»։ Բացի դրանից, Րաֆֆին կարդում և ուսումնասիրում է այդ թեմայի շուրջ եղած մի շարք ազգագրական տեղեկություններ։

Ակնարկ կա այն մասին, որ Րաֆֆու համար որոշ իմաստով գրության շարժառիթ է հանդիսացել նաև Էոժեն Սյուի «Թափառական հրեա» վեպը, որի «ներշնչության տակ սկսել ու անկից ազատ ավարտել է» այս վեպը (տե՛ս, «Գեղունի», 1903 թ., էջ 35)։

Րաֆֆու բարեկամ Ավագ Ավթանդիլյանի մի ակնարկից երևում է, որ Րաֆֆին այս վեպի վրա սկսել է աշխատել դեռևս 60-ական թվականներից (ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է վեպի գրությանը նախորդող նյութի կուտակման և գրառման աշխատանքներին), բայց որովհետև նրա հայտնած տեղեկությունն ընդգրկում է մեկ տասնամյակ ժամանակամիջոց, հնարավոր չէ որոշակիորեն ասել, թե որ թվականից է նա սկսել իր աշխատանքները այս վեպի վրա։ Ավթանդիլյանն իր հուշերի գրքում Րաֆֆու գործունեությունը բաժանում է երեք շրջանի (ընդ որում 1868-ից մինչև 1878 թվականը համարում է նրա ստեղծագործության երկրորդ շրջանը)։ Այնուհետև խոսելով Րաֆֆու աշխատությունների մասին, գրում է. «Այս երկրորդ շրջանում... նրա երկերից պատրաստ էին «Փունջի» մի քանի հատորները, վառեվառ աշխատում է «Խաչագողի հիշատակարանի», «Սալբիի» և «Կայծերի» առաջին հատորի վրա, նրանց փոփոխության ենթարկելով» (Ավթանդիլյան, «Պատկերներ Րաֆֆու կյանքից», էջ 80, ընդգծումը մերն է — Խ․ Ս․)։

Վերոհիշյալ փաստերից ակներև է դառնում, որ նա սկսած 1856 թվականից տեղեկություններ է հավաքել «Խաչագողի հիշատակարանի» համար և 1870 թվականից «վառեվառ» աշխատել ու փոփոխության է ենթարկել վերոհիշյալ ստեղծագործությունը։

Ինչպես «Մշակում», այնպես էլ առանձին գրքով հրատարակելիս հեղինակը այս գործի գրության տարեթիվը չի մատնանշել, այդ իսկ պատճառով ստեղծվել է անորոշություն, վեպի գրության ավարտման ստույգ թվականի հարցում։

Տարբեր առիթներով այս խնդրին անդրադարձողները գրության ավարտման թվականը մոտեցրել են տպագրության թվականին։ Շիրվանզադեն խոսելով «Սամվելի» տպագրության մասին, գրում է․ «Րաֆֆին իր նախկին սովորությամբ գրում էր հետզհետե և ուղարկում էր տպարան։ Այդպես է գրել նա «Դավիթ բեկը», «Խաչագողի հիշատակարանը» — «Մշակի» համար» («Երկերի ժողովածու», հտ, 8, Երևան, 1961 թ․, էջ 140)։ Ոմանց նման եզրակացության հանգելու գործում շփոթության մեջ է գցել գրքի վերջում, ինչպես նաև «Ի՞նչ է խաչագողը» ներածականում, հեղինակի հայտնած այն տեղեկությունը, ուր ասված է, որ վեպի հերոսներին ընթերցողը կհանդիպի, երբ լույս կտեսնի իր «Կայծեր» կոչված աշխատությունը, որ «այժմ մամուլի տակ է»: Սակայն, ինչպես այս, այնպես էլ գրքի վերջում հայտնած հարանման տեղեկությունները ոչ մի կերպ չեն կարող հիմք հանդիսանալ վեպի գրության թվականը որոշելու հարցում։ «Ի՞նչ է խաչագողը» բացատրականը եթե ոչ ամբողջովին, այնուամենայնիվ, որոշ մասով