Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակը ավելացրել է 1882 թվականին, վեպը «Մշակում» տպագրելու ժամանակ, «Կայծերը» առանձին գրքով հրատարակվելու առիթով։

Բարեբախտաբար պահպանվել է Րաֆֆու Փիլիպոս Վարդանյանին գրած նամակները (երեք նամակ), որոնցից հայտնի է դառնում «Խաչագողի հիշատակարանի» գրության ստույգ թվականը։ «Խաչագողը»,— գրում է Րաֆֆին Փ. Վարդանյանին,— իմ Վանա, Բաղեշի, Մուշի և Արզրումի կողմերի ճանապարհորդության արդյունքն է, որ գրել եմ 1872-73 և 74 թվականներում, երբ Թիֆլիսում էի բնակվում...» (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հտ. 10, Երևան, 1959 թ․, էջ 548)։

Րաֆֆու այս խոստովանությունից պարզ է դառնում ու անառարկելի, որ նա վեպը գրել է 1872-74 թվականներում[1], սակայն այդ դեռ չի նշանակում, թե ընթերցողին հայտնի «Խաչագողի հիշատակարանի» տեքստը նույն այն տարբերակն է, ինչ որ Րաֆֆին գրել էր 1872-74 թվականներում։ Որոշ փաստեր հիմք են տալիս ասելու, որ Րաֆֆին տպագրության ընթացքում մեծ փոփոխություններ է կատարել տեքստում, մի հանգամանք, որը Շիրվանզադեին հիմք է տվել ասելու, որ Րաֆֆին վեպը «...գրում էր հետզհետե և ուղարկում էր տպարան»։

«Խաչագողի հիշատակարանի» առաջին հատորի ձեռագիրը ուղարկելով Փիլիպոս Վարդանյանին, Րաֆֆին նրան ծանուցում է տալիս վեպի պարունակության մասին՝ «Խաչագողի» առաջին մասի անցքերը,— գրում է նա,— կատարվում են Հայաստանում, այսինքն՝ Վասպուրականի, Տարոնի և Ատրպատականի մեջ, իսկ կենտրոնը Վան քաղաքն է։ ...Երկրորդ մասի անցքերը կատարվում են Հայաստանից դուրս Փոքր Ասիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, իսկ կենտրոնն է Կ. Պոլիսը» (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հտ. 10, Երևան, 1959 թ․, էջ 549)։ Հայտնի է, որ «Խաչագողի հիշատակարանում» գործողությունների զարգացումը ո՛չ Վանի ու Պոլսի և ոչ էլ Հնդկաստանի հետ ոչ մի առնչություն չունի։ Պետք է ենթադրել, որ Րաֆֆին հրատարակման ընթացքում վեպը վերամշակել է այնպես, որ շատ ու շատ դեպքեր, գործողություններ ու հարցեր կորցրել են իրենց նախկին նշանակությունը։ Մեր այս ենթադրությունը հաստատող փաստերից մեկն էլ «Մշակի» քարտուղար Հ. Տեր-Գրիգորյանի վկայությունն է։ Խոսելով «Մշակի» խմբագրական ժողովների մասին, վերջինս պատմում է, որ Րաֆֆին միշտ իր հետ ունենում էր «Խաչագողի հիշատակարանի» ահագին տետրակը, որը նա մաս-մաս կարդում էր երեկոյի վերջում։ «Այդ «Խաչագողի հիշատակարանը»,— գրում է Հ. Տեր-Գրիգորյանը,— Րաֆֆիի այն գրվածքը չէ, որ դուք կարդացել եք, իմ թանկագին ընթերցող, այլ պատմությունների, դեպքերի ու պատահածների մի ահագին ժողովածու, անկապ և անմշակ միմյանց վրա կուտակված։ Եթե այժմ ձեր ձեռքն անցնի այն տետրակը, և դուք նրան համեմատեք տպվածի հետ, դուք կտեսնեք, թե երկուսի միջև որքան զանազանություն կա...» (տե՛ս «Մշակ», 1913 թ․, 89, էջ 2)։

Ինչպես Տեր-Գրիգորյանի պատմածից, այնպես էլ այս հարցերի հետ անմիջականորեն կապ չունեցող մի առիթով Րաֆֆու հայտնած տեղեկությունից իմանում ենք, որ վեպը ձեռագիր վիճակում կարդացվել է Թիֆլիսի զանազան շրջաններում։

Թեև Րաֆֆու բարեկամներից ոմանք, ինչպես վկայում է ինքը, ձեագիրը

  1. Օգտվելով, երկրորդ հրատարակության, պատեհ առիթից, հարկ ենք համարում ծանոթագրություններում շտկել մի քանի անճշտություններ, որոնք տեղ էին գտել առաջին հրատարակության մեջ։