Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես աեսանք, 1883 թվականի «Մշակի» 77-րդ համարից ընդհատվում է «Խաչագողի հիշատակարանի» տպագրությունը։ Ընդհատման պատճառը թեև չի մատնանշված, սակայն հայտնի է, որ մայիսի 13-ին ցարական ոստիկանությունը խուզարկում է Րաֆֆու բնակարանը, տանում են նրա տպագրված ձեռագիր հեղինակությունները, գրողը ենթարկվում է տնային բանտարկության։ Այս պարագայում, երբ ոստիկանության կողմից արգելված էր նրա կապը դրսի մարդկանց հետ, ինչ խոսք կարող էր լինել մամուլում հանդես գալու մասին, և «Մշակում» ընդհատվում են նրա թղթակցությունները։ Կիրառվող արգելքները վերանալուց հետո Րաֆֆին այլևս «Մշակում» չի վերսկսում վեպի տպագրությունը և շարունակությունը ընթերցողներին է հասնում 1884 թվականին լույս տեսած երկրորդ գրքի միջոցով։

«Խաչագողի հիշատակարանը» վեպը Րաֆֆու առաջին ծավալուն ստեղծագործությունն էր, որ լուրջ կերպով սկսում է հետաքրքրել նաև արևմտահայությանը և ահա Պոլսի «Արևելք» լրագրի 1884 թվականի 21-րդ համարում նույն այս վեպի մասին կարդում ենք մի այսպիսի հայտարարություն. «Մեր այս ավուր թվով սկսենք հրատարակել պ. Րաֆֆիի վեպը։ Թեպետ այս վեպը կովկասյան բարբառով է, բայց այնքան կմոտենա մեր լեզվին, որ հարկ չհամարեցինք մեծ փոփոխությանը»։ «Արևելքի» նույն համարից սկսած պարբերաբար 21-72, 74-96, 98-110, 112-115, 117, 119, 123, 124, 126, 131-153 և 154-րդ համարներում տպագրվում է «Խաչագողի հիշատակարանը» վեպը։

Ինչպես պարզվում է Արփիար Արփիարյանի հուշերից, Թիֆլիսում եղած ժամանակ նա Րաֆֆուց թույլտվություն է խնդրում վեպը «Արևելքում» տպագրելու համար, որտեղից քաղում ենք հետևյալ տեղեկությունը․ «...երբ «Խաչագողի հիշատակարանը», որու մեկ մասը «Մշակի» մեջ տպված է և մյուս մասն անտիպ է, տակավին «Արևելքի» մեջ հրատարակելու արտոնություն խնդրեցինք, առաջարկելով իր պայմանները պ. Րաֆֆին այնքան բարի եղավ, որ չուզեց առաջարկել որևէ պայման, որուն համար այս առթիվ մեր շնորհակալությունները վերստին կկրկնենք», (տե՛ս «Մասիս», 1884 թ․, էջ 263)։

«Խաչագողի» հրապարակ գալուց հետո մոլի պահպանողական Հայկունին (ավագ քահանա Եղիշե Գեղամյանը) իր հայհոյանքներով սկսում է լցնել «Մեղու Հայաստանի» լրագրի էջերը (տե՛ս «Մեղու Հայաստանին», 1883 թ., № 55, 57, 59, 60, 62, 64, 66, 68, 70)։ Հայկունու «Կրիտիկան» որքան որ տենդենցիոզ էր վեպի քննարկմանը մոտենալու իր եղանակով, նույնքան էլ նաիվ էր իր բնույթով։ Նա սկզբից մինչև վերջ իրոնիկ շեշտով պատմում է վեպի բովանդակությունը, մերթ ընդ մերթ ընդմիջելով վայրիվերո բացականչություններով, որոնք հաճախ ընդհուպ հասնում են բացահայտ հայհոյանքի։

Հայկունին ձգտում էր ամեն կերպ պարսավել ու արատավորել Րաֆֆու հեղինակությունը ժողովրդի աչքում, Րաֆֆին այս բոլորը լսում և լռում էր։ Լռում էր ոչ թե նրա համար, որ իր խիղճը անմաքուր էր հասարակության առջև, որ նա չէր կարող հրապարակորեն պատասխանել Հայկունու նման պոռոտախոսներին, այլ լռում էր, որովհետև նրա հակառակորդները անցել էին պայքարի ամենավատթար միջոցին՝ մատնությանը, որովհետև խուզարկության առիթով ծանր օրեր էր ապրում։ «Վատ ժամանակում ենք ապրում,— գրում է Րաֆֆին իր բարեկամ Մելքոն Փանյանին,— ամենաարդար մարդը կարող է կասկածանքի ենթարկվել և տարիներով տանջվել» (տե՛ս, Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հտ. 10,