Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ազգային ճնշման մեջ։ Այդ էր պատճառը, որ նա միջոցներ չի խնայում, իսկ երբեմն էլ ստեղծում է նույնիսկ նատուրալիստական պատկերներ, խաչագողների եղեռնագործությունները որքան կարելի է մռայլ գույներով ներկայացնելու համար, դրանով իսկ ցանկանալով ընդգծել, որ բոլոր չարիքները ծնվում են քաղաքական ու սոցիալական ճնշումից։ Ովքե՞ր են Սիբիրում տառապող կալանավորները։ Րաֆֆին նրանց կատարած հանցանքների մեջ անձնական մեղք չի տեսնում։ Ո՞վ էր Մուրադը,— հարցնում է նա և ապա պատասխանում,- մի փչացած հասարակության հրեշավոր ծնունդ։ Ո՛վ էր Վասոն - անարդարության դեմ անհատի իրավունքի ազատության համար ընդվզող ու անհավասար կռվում պարտված մեկը։ Ո՞վ էր Ավազակապետը — բռնության մի զոհ, և վերջապես ով էր մշտատխուր Համրը՝ հեղինակի գաղափարախոսը այս վեպում։ Դրանք բոլորն էլ բռնության ծնունդներ են և առաջ են եկել հասարակական «կազմվածքի հիվանդոտ դրությունից»։ Մարդիկ խաբեբաներ են դարձել, որովհետև հասարակությունը «ոչինչ հիմնավոր բան չի սովորեցրել նրանց», Խաչագողը ստիպված է եղել հնձելու այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի ցանել։ Ահա այսպիսին էր 60-ական թվականների վերջում Րաֆֆու տեսակետը հասարակական կյանքի մի շարք խնդիրների վերաբերյալ, որը նա արտահայտում է Համրի կերպարի միջոցով։

«Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆու ամենից շատ հրատարակված ստեղծագործություններից մեկն է։ Ինչպես վերևում նշեցինք, այս վեպը առաջին անգամ տպագրվում է 1882 և 1883 թվականներին «Մշակում»։ Առանձին գրքով առաջին և երկրորդ մասերը լույս են տեսնում 1883 և երրորդ և չորրորդ մասերը 1884 թվականներին։ Այնուհետև նույն 1884 թվականին այս վեպը հրատարակվում է նաև Պոլսի «Արևելքն լրագրում, 1893 թվականին «Խաչագողի հիշատակարանի» կարճ բովանդակությունը և «Ի՞նչ է խաչագող» ներածականը «из повести дневник Хачагоха» վերնագրով տպագրվում է Յուրի Վեսելովսկու և Մինաս Բերբերյանի կողմից խմբագրած «Армянские беллетристы» ժողովածուի առաջին հատորում։

1895 թվականին Թիֆլիսում Աննա Րաֆֆու հրատարակությամբ այս վեպը երկրորդ անգամ լույս է տեսնում առանձին գրքով (չորս մասը միասին)։ 1895 թվականից հետո «Խաչագողի հիշատակարանը» ունենում Է ևս հինգ հրատարակություն։ 1905 թվականին տպագրվում է Վիեննայում, 1922 թվականին՝ Պոլսում, 1936 թվականին՝ Վիեննայում, 1937 թվականին՝ Բոստոնում և դարձյալ 1937 թվականին՝ Փարիզում։ Վերոհիշյալից բացի, վերջին տարիների ընթացքում «Խաչագողի հիշատակարանը» ունեցել է ևս երեք հրատարակություն։ 1955 թվականին այն տպագրվել Է Րաֆֆու երկերի տասհատորյա ժողովածվի երկրորդ հատորում։ 1957 թվականին «Խաչագողի հիշատակարանը» Հայպետհրատի կողմից հրատարակվում է իբրև «Արկածային գրադարան» մատենաշարի առաջին գիրք։ Երկու տարի անց, 1959 թվականին Րաֆֆու այս վեպը Պերճ Աճեմյանի իսպաներեն թարգմանությամբ «Las Memorias del Hurtactuz» վերնագրով տպագրվում է Բուենոս Այրեսում։

1888 թվականին Րաֆֆու մահվանից ընդամենը մի քանի ամիս անց «Խաչագողի հիշատակարանը» վեր է ածվում պիեսի և ներկայացվում Բաքվում տեղի դերասանական — խմբի կողմից։

1912 թվականին դարձյալ Բաքվում դերասան Ա. Վրույրը տեղի սիրողների մասնակցությամբ ներկայացնում է Րաֆֆու այս վեպը «Խաչագողներ» վերնագրով,