Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրոք աղջկերքը տասերկու տարեկան հենց վուր դառնում էին, գելաքնուրի պես խլխլում էին, մագրամ հիմի՞․ ասեք, տեհինք, ինչեմե՞ն է, վուր աղջկերքր էդքան վեր ին թափած տանը ու մարդիկ սրանց թամահ չին անում։ Էնդումեն է, վուր աղջկերանց էտ թավուր լպստածութինը, անխիլք մսխիր անիլը ու բրո-բրո ապրիլը տեսնելով, խեղճ տղամարդի սիրտը ճաքում է, եփոր փիքր է անում, թե իր դուքնով էնքան ի՞նչ պիտի դադի, վուր կանենա էտ թավուր կնիկ պահի, ու ասում է, լավ է հենց ազապ ապրիմ ու գլուխս դինջ ըլի, քանց թե կնկա եսիր դառնամ։ Ա՜յ էդ է պատճառը, վուր աղջկերքը մնում ին։ Ով վուր ունևոր է, մինձ բաժինք ու փուղ է տալի, նրա աղջիկը մսխվում է. ամա խիղճ քեսիբը ի՞նչ անե, նա մնում է հիռու կանգնած իր աչքիրը ճմբռելով, ու քեսիբը աղջիկը պառվոլւ է հոր տանը։ Մագրամ նրանք ապրիլ կուզին, ու էնդումեն դենը ի՞նչ միղքերի մեջ չին ննգնում իրանց չուրի ու ապրուստի խաթրու։

Հյուրերից ոմանք համաձայնեցան Մարիամի հետ, որովհետև նրանցից շատերը պառավ և հոր տանը թթված ու քացախած աղջիկներ ունեին։ Բայց տիկին Բարբարեի համար փույթ չէր, որով հետև ինքը փող ուներ. նա յուր փողով կարող էր վարագուրել յուր աղջկա բոլոր արատները, եթե կար, և առանց դժվարության կապել նրան մի անբախտ երիտասարդի գլխին։

Երկար այդպիսի և դրա նման խոսակցություններից հետո հյուրերը վեր կացան և կամենում էին հեռանալ։ Տիկին Բարբարեն հրամայեց իմացում տալ օրիորդ Սոֆիին, որ դուրս գա հյուրերին ճանապարհ դնելու։

Նա դուրս եկավ բոլորովին այլայլված և շառագունած։ Հյուրերն սկսեցին առանձին-առանձին բարի գիշեր ասել և օրիորդ Սոֆիին զանազան խոսքեր ուղղել՝ ոմանք որպես խրատ, ոմանք որպես օրհնություն և ոմանք որպես զվարճություն։ Օրինակ՝ «Սոֆի ջան, շատ ապրիս»։ «Սոֆի ջան, բարով մուրազիդ հասնիս»։ «Սոֆի ջան, մորդ ղադրն իմացի» և այլ այդպիսի խոսքեր։

Բայց օրիորդը մինչ այն աստիճան շփոթված էր, որ չգիտեր, թե ի՛նչ պատասխանե։

Հյուրերը հեռացան:

Մի քանի րոպեից հետո օրիորդ Սոֆիի սենյակից Մայիլովր գաղտնի դուրս եկավ պատշգամբը և անտեսանելի կերպով հեռացավ։ Օրիորդ Սոֆին թեև այայլված էր, բայց նույն րոպեին նրա վառվող աչքերի մեջ փայլում էր զվարճություն և շառագունած երեսի