Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա խաղ էր անում բավականության ժպիտը, որպես թե նա հասել էր յուր բաղձանքին...։

Հյուրերի գնալուց հետո նա նստեց մոր մոտ։ Մայրը նրանից մի քանի բան հարցրեց։

Բայց նրա պատասխաններն անորոշ և հատուկտոր էին։ Նա կարծես մտքով վերափոխվել էր մի այլ աշխարհ։

— Սոֆի, դու այս գիշեր հուզված ես երևում,— ասաց մայրը։

— Գլուխս սաստիկ ցավում է,— պատասխանեց օրիորդը։

— Դե գնա′, հանգստացիր, սիրելիս։ Օրիորդը գնաց յուր ննջարանը, բայց քունը մոտ չեկավ նրա աչքերին։ Ամբողջ գիշեր նրա աչքերից չէր հեռանում Մայիլովի սիրուն պատկերը. կարծես կրկին զգում էր յուր այտերի վրա պատանի գիմնազիստի համբույրները...

Տիկին Բարբարեն նույնպես այն գիշեր խիստ ուշ քնեց։ Պառավ Մարիամի խոսքերը մի քանի անախորժ տպավորություններ թողին նրա սրտում։ Նա նստած վառ ճրագի հանդեպ երկար մտածեց յուր աղջկա ապագայի մասին, հազարավոր տխուր և ուրախ մտքեր խառնվում էին նրա գլխում։

Մյուս օրն առավոտյան օրիորդ Սոֆին զարթնեց սովորականից խիստ ուշ, նա խիստ հոգնած էր և լավ չէր զգում իրան։

ԺԳ

Մեծ ճանապարհի վրայի գավառական Կ... քաղաքի պանդոկը անտաշ քարերից կառուցած մի հին շինություն էր, ուր իջևանում էին ճանապարհորդները։ Պանդոկի ներքին հարկի մի քանի կրպակներ, որոնք բացվում էին դեպի ճանապարհը, հասարակ գինետներ էին, որոնց մեջ դարսոտած էին ահագին ռումբիք կախեթի գինով, արաղով լի տակառներ կամ տկճորներ, մեծ ու փոքր շշեր լիքը զանազան գույնի ներկած արաղով։ Առաստաղից քարշ էր արված չորացած ձկներ, ծխի ու փոշիների մեջ սևացած խոզի ազդրեր, մի եփած հնդկահավի կիսան, որ ով գիտե տասն օր առաջ ափված կլիներ, շաքարի կտորներ՝ չարաճճի ճանճերի ծիրտերով նախշված և թեյի ու ծխախոտի կապոցների մոտ դրած, հին կոնֆետ ապակե ամանների մեջ։ Դրանցից մի փոքր հեռու դրած էր սոխով լիքը կողովը, իսկ մի քիչ հեռու պատից կախած էին ճանապարհորդական սայլերի ձիերի երասանակներ, մտրակներ։ Մի անկյունում առանձին փայտյա ամանի մեջ անիվների օծանելիք