Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը։ Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ։ Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր-Մարուքի բարերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո-Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել։

Փոքրիկ Ղաղոն առողջ և վստահ երեխա էր, նրա բնական ճարպկությունը առիթ տվավ մի քայլ հառաջադիմության նրա գործունեության մեջ, երբ յուր տասնուչորս տարեկան հասակում եղավ նա կատարյալ կինտո: Նա թեև հրաժարվել էր յուր վարպետից, բայց այնքան վարկ և համարում ստացել էր բոլոր մրգավաճառների մոտ, մինչ նա ամեն օր կարողանում էր անվճար գնել նրանցից ամենայն տեսակ մրգեղեններ, և լցնելով յուր ահագին տաշտը, գլխի վրա դնել, և կշեռքը ուսից քարշ տված, յուր մթերքը քաղաքի շուկաներում և փողոցներում պտտացնել, զանազան լեզուներով