Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(կուպր), մյուսում պատից քարշ էր ընկած խանութպանի թառը կարմիր գույնով ներկած, սադափով զարդարած, մոտը մի դահիրա և քամանչա, որոնցով շատ անգամ զվարճացնում էր յուր հաճախորդներին խանութպանը, որ մի հաստլիկ, ուռած փորով, կարմիր ու զվարթ երեսով մարդ էր, հագի շորերը փայլում էին կեղտից, կեղծավոր ծիծաղը նրա երեսից չէր պակասում, նա մի գլուխ շատախոսում էր յուր հաճախորդների հետ — ասում, լսում, հռհռում և ուրիշներին ծիծաղեցնում։ Այդ բոլորին այնքան խառնուփնթոր, այնքան խայտաճամուկ, այնպես տարօրինակ կերպով էին հարմարվել միմյանց հետ, որ նայողի սրտում սաստիկ անախորժ զգացմունքներ էին ծնեցնում։

Այդտեղ մուժիկները իրանց կեղտոտ թուլուփներով և հարբած սալդաթները իրանց սովորական երգը երգելով, ձեոքներր ձգած նույնպես հարբած մի մատուշկայի վզով, խոզերը խորդալով, հնդկահավերը կարկաչելով, շները կեղծավորաբար իրանց պոչը շարժելով,— բոլորը ուրախ և համարձակել ու մուտ էին անում Բաքոսի այդ պղծյալ սրբարանը, ուր հարա-հրոց, երգ, աղաղակ, անեծք և համբույր, բոլորը միախառնված խիստ անախորժ և վայրենի մի ներդաշնակություն էին ձևացնում։

Այդ խանութների ետևը ցանկապատած մի փոքրիկ բակ կար. այդ պանդոկի նախագավիթն էր, ուր կանգնած էին ճանապարհորդների սայլերը, մի կոտրած կառք, ձիերի ախոռներ ե տավարի աղբի կույտեր, որ բրում էին խոզերը կնճիթներով և իրենց համար կերակուր որոնում։

Այս գավթից մաշված սանդուղքներով մի մուտք տանում էր դեպի պանդոկի վերին հարկը, որ բաղկացած էր մի քանի կացարաններից՝ ճանապարհորդների օթևանելու համար։

Եթե չի վշտանա մեր պատվելի ընթերցողը, մենք առաջնորդենք նրան այդ կացարաններից մինը, այնտեղ կրկին անգամ տեսնելու Ճանճուր Իվանիչի երեսը, նրա Կավկա գալուց հետո։

Այդ կացարանը մի փոքրիկ սենյակ էր, շինված ուղիղ ախոռատան վրա, լուսամուտները նեղ, կոտրած ապակիներով, որոնց կպցրած էին դրոտած թղթեր, մեջը կար նաև մի ահագին քանդված բուխարի։ Հատակի վրա, որի աղյուսները վաղուց մաշվելով կոտրտվել էին, տեղ֊տեղ անցքեր էին բացվել, որոնց միջից ախոռատնից ներս էր բարձրանում խմորված թրիքների մահահոտ կծու գոլորշին։ Սենյակի պատերը, որ առանց պաստառի էին, թեև սևացած էին ծխից ու մխից, բայց տակավին կարդացվում էին նրանց