Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա մատիտով կամ ածուխով մակագրություններ, որ դրել էին զանազան ճանապարհորդներ, մինը՝ մի հիմար ոտանավոր, մյուսը՝ թե ի՛նչպես էր քեֆ արել այնտեղ, մի ուրիշը՝ թե ի՛նչպես վատ էր անցկացրել այնտեղ և թե ի՛նչքան հայհոյանք է ուղարկել պանդոկապետի հասցեին յուր մասին լավ չհոգալու համար, և յուր գրվածքի ներքև ավելացրել էր նաև այս անեծքր. «Ով որ ջնջե, այսպես կամ այնպես լինի», և այլ այդպիսի դատարկաբանություններ։

Այդ սենյակի մի անկյունում դրած էր մի հին մահճակալ եղևնու փայտից, նրա մոտ նույնպես մի հին սեղան, որի երեսը տեղ-տեղ այրված էր, երևի ճանապարհորդների համար բերած հեշտաեռի տակից թափված կրակից։ Սեղանի մոտ էլ երկու փայտյա նստարան, անգույն եղևնու փայտից։ Պատուհանում դրված էր մի կոտրած փարչ, որի բերանին մոմ էր անցկացրած և ծառայում էր աշտանակի տեղ։

Դրանք էին միայն այդ տխուր ու տրտում բնակարանի բոլոր զարդարանքը։

Մահճակալի վրա ձգված էր մի յափնջի, որի վրա Ճանճուր Իվանիչը թիկն էր տվել յուր ճանապարհի խուրջինին։ Նրա հանդեպ նստած էր մի ուրիշ անձնավորություն՝ թթու և խորամանկ կերպարանքով, նիհար և ցամաքած դեմքով, երկայն քթով, ածիլած և սրածայր ծնոտով, փոքրիկ մոխրագույն աչքերով, առանց թերթերունքի կարմիր կոպերով։ Նա հագած էր երկայն, սև սերթուկ, կարճ անդրավարտիք, կարճ ժիլետ, այնպես որ տակից երևում էր նրա աղտոտ շապիկը, հագին ահագին կոշիկներ։

Նա յուր բարակ վզին փաթաթել էր հաստ սպիտակ փողպատ, որի տակին թաքնված էր շապկի կեղտոտ օձիքը։

Այդ մարդը կոչվում էր Սիմոն Յագորիչ. Հացի-Գելենց Կավկալի կապալի գործերի գլխավոր գործակատարն էր դա։

— Բաս էտպես հա', Սիմոն Յագորիչ,— կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ կցելով իրանց ընդհատված խոսակցությունը։

— Ապա՜, էտպես,— պատասխանեց Սիմոն Յագորիչը՝ գլուխը տմբացնելով։— Առաջվա ինժեները տուտուց մարդ էր, օրինակ քիզ մե էշ, մենակ ակնջնիրն ու կոլգին էր պակաս․ նոխտեն անցկացրու գլխին ու ման ածա, վունցոր գուզիս... ի՞նչ էր նրա նոխտեն. մե քանի պաչկա պապիրոս, մե գլուխ շաքար, մե գրվանքա չայ, մե բոթիլ ռոմ նրա տուն տար, մե քանի թուման էլ ձեռքը կոխե, իժում թեկուզ թքե էրեսին, ան ինչ գուզիս արա՜. նա քեզ հիդ բան չունե...