Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էտ նուր էկածը վո՞ւնց է,— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Էտ նուր էկածը մե ռազբոյնիկ մարդ է, ջալդ խաբվելու պտուղ չէ,- տհաճությամբ ասաց Սիմոն Յագորիչը։

Նրա կարծիքով ում որ ինքը չէր կարողանում խաբել, նա ռազբոյնիկ էր և ավազակ։

— Է՜հ, քո հորն օղորմի, ի՞նչ իս խոսում,— նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը։ — Ես դրանց բոլորի խասյաթր լավ գիդիմ, մանեթի ճոնդը նշանց տուլ, էն սհաթին հոգի կուտան։

Սիմոն Յագորիչը ձեռքը շարժեց, կարծես երեսի վրայից ճանճ էր քշում։

— Էտ խոմ էտենց է,— ասաց նա ներքին համոզմամբ,— համա էս անիծած ինժիները շատ տակետակ օքմին է երևում։

— Քանի՞ վուխտ է վուր էկիլ է․— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Մե ամիս կուլի։

— Մե ամի՞ս,— կրկնեց Ճանճուր Իվանիչը,— էտ վուչինչ։

«Շամից էկած էշը մե ամսից ավելի չի զռա»։ Նրանք օրթումի խաթրու իրանց ղուլուղի առաջին մե ամիսը քրթամից պաս ին մնում. ամա էնդումեն դենը իրանք իրանց չաշկա֊լոշկեն կուսկսին։

Այդ խոսքերը կարծես թե մի փոքր ոգևորեցին Սիմոն Յագորիչին․ նա ոգևորվեցավ, և նրա աչքերը անթարթ նայում էին Ճանճուր Իվանիչին՝ զմայլածի նման։

— Պսակվա՞ծ է էտ ինժիները։

— Պսակված է ու վուրթիք էլ ունե,— պատասխանեց Սիմոն Յագորիչը։

— Էտ ուփրո լավ. պսակված մարդը ավելի փուղի կարոտ կուլի. հիմա ասա տեհնիմ, քանի՞ տարեկան է։

— Քառասունից անց կուլի։

— Բաս դա հին գելերեմեն է,— ուրախությամբ, խոսեց Ճանճուր Իվանիչը․ — էլ ի՞նչ ինք հոգում. նրա հիդ բանը խիստ հիշտ կուլի շինիլ։

— Տեհնինք, աստված տա,— պատասխանեց Սիմոն Յագորիչը։— Ես վուր գիշերները վատ էրազներ իմ տեհնում. իմ խիլքին մե քիչ դժար է նստում ձիր ասածնիրը։

Սիմոն Յագորիչը՝ շահասիրության այդ հին որսորդը, այնպես պատկառանքով էր դատում այդ առարկայի վրա, որպես մի սուրբ իրողություն, և վշտացուցիչ տպավորություն էր գործում նրա սըրտին այն բանը, թե ինչո՞ւ շուտ չեն խաբվում մարդիկ, որոնց հետ ինքը գործ է ունենում։