Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հանեց գրպանից քթախոտի տուփը և յուր ցուցամատի ու բթամատի նույն գույնով ներկված պտղունցով առավ էնֆիան և վեր ուղարկեց դեպի քթածակերը։ Եվ այդպիսով կծու փոշու զորությամբ մի փոքր գրգիռ տալով ուղեղին, մտաբերեց հեռու անցյալը, և հիշելով առաջվա բարեսիրտ ինժեներներին, խոսեց.

— Աստուծ քու բանին ու գուրծին աջողութին տա, Մաքսիմ Պետրովիչ... ի՛նչ լավ մարդ էր նա... Նրա վուխտին խեր ու բարաքաթ կար... ի՞նչիր չէր անում մարդ... պոլկի սալդաթներին տալու սպիրթի մեջ կեսը ջուր էի խառնում․ գուքար Մաքսիմ Պետրովիչը փորձելու համա սպիրթը կուտեհներ, աչքերը կու խփեր, գլուխը ժաժ կուտար, «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսեր, բարութից ավելի թունդ»։ Սալդաթնիրը կուբղավեին ու կուճղավեին, թե արաղի տիղ իրանց ջուր ին խմեցնում, «մոլչի, կոսե, տի դուրակ, տի նիչավո նե պանիմաեշ...»։

— Էն մեկէլը խոմ,— խոսքը առաջ տարավ Սիմոն Յագորիչը,— Վարլամպի Կալոշնիկովը, դրուստ աստծո գառը, նրա ժուգով կազյոննի շինության փոդրաթում պատերը մենակ թող ագուռ ըլին, մեջն ինչ գուզիս լքցրու... ֆունդամենտը խոմ... իստակ գետնի էրեսին. գուքար Վարլամպի Կալոշնիկովը, մտիկ կոներ, մե քիչ էս կողմ, էն կողմ ման գուքար, մի տիղ մե քիչ քանդիլ կուտար, ետո ձեռքը մեջքիս կու խփեր «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, ստրոենիե կակ բուտտո իզ ժելեզա լիտո».., էտպես բարի մարդ դժար կուլի, աստուծ գիդենա...

— Դրուստ վուր շատ լավ մարդ է էլած,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։— Խեր տվող մարդիկ են էլած։

— Բաս էս անիծած Կուզմինի նմա՞ն,— առաջ տարավ Սիմոն Յագորիչը՝ բարկություն ցուցանելով աչքերում։— Ինչքան գուզիս լավ շինե, գուքա մտիկ կոնե, անպատճառ մե փուտ կուկպցնե. էստեղ ծուռն է, կոսե, էնտեղ մուռն է, կոսե, ան թե չէ կրիշան լավ չէ ծածկած, կոսե, ան թե ֆունդամենտը թույլ է, կոսե, մեկ էլ տեհնիս, էն սհաթեվետ ասաց «լամայ» ու քարուքանդ արեցին։ Մե խոսքով՝ իստակ աստծո պատիժ է, խոմ մարդ չէ։

— Փիքր չկա, Սիմոն Յագորիչ,— մխիթարելով ասաց նրան Ճանճուր Իվանիչը։— Ես քիզ ասացի, թե դրանք իրանց ղուլուղի առաջին ամիսը էտենց կուլին, մագրամ ամիսը վուր անց կացավ,փուղի լազաթը տեհան թե չէ, կամաց-կամաց կուսկսին «ջուրտ տու կուլ տուն»։

— Աստուծ տա. էտենց ըլի,— պատասխանեց Սիմոն Յագորիչը