Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մագրամ գուն, Սիմոն Յագորիչ, դիդիս ինչ կոնի՞ս ասիմ քիզ, առուտեհան քաղքեմեն իմ բերած իքմնիրը կու վիր առնիս, կու տանիս էտ Կուզմինի տուն. իրա համա ուրիշ է` իրան կուտաս, կնկան համա ուրիշ է` կնկան կուտաս, երեխերքին համա ուրիշ է` երեխերքին կուտաս, ու կտեհնիս տանը էլ ով կա խերով օքմին, մե բան էլ նրան կուտաս, իժում կոսիս. պաչոտնի դրաժդանին ազա Ճանճուր Իվանիչն ուզում է ձիզ տեհնի. էնդի խոսքի միջում մե թահր կու հայտնիս, վուր օսկե մինդալ էլ ունիմ, դուն խոմ գիդիս, քիզ ասիլ պետք չէ. հետո նա ինչ վուխտ կոսե, կեհանք նրան կու տեհնինք. ես նրա գլուխը էնպես եղիմ, վուր նա էլ էգուց ձեռքը խփե մեջքիդ ու ասե. «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, վսե խորոշո»։ Դուն խոմ գիդիս, ես սատանին կու նալնիմ։

Սիմոն Յագորիչը խոստացավ առավոտյան կատարել նրա այդ պատվերները և յուր մտքի մեջ սկսավ աղոթել վաղվան ձեռնարկության հաջողության համար։

Բայց ճրագվի պատրույգը բոլորովին վառվեցավ։ Ներքևի խանութներից ժամացույցի հոպոպը երկու անգամ ձայնեց-«պու-պու»։

Գիշերից արդեն երկու ժամ անց էր։ Նրանք մի ժամի չափ ևս խոսեցին մթնում` Կուզմինի, Կալոշնիկովի և դորանց նմանների վրա, մինչև մահճակալի վրա հենց այնպես թեկն տված Ճանճուր Իվանիչի քունը տարավ, և նա սկսեց խեղդվողի նման խռխռալ: Իսկ Սիմոն Յագորիչը քնեց հատակի աղյուսների վրա փաթաթվելով յուր հին վերարկուի մեջ։

ԺԴ

Մյուս օրվա երեկոյան պահուն Ճանճուր Իվանիչը միևնույն մեզ նախածանոթ կաբայով, միևնույն փափախով, նույն անդրավարտիքով և նույն խարազի չաքմեքով, յուր հաստ մահակը ձեռքին, Սիմոն Յագորիչի հետ դիմում էր դեպի նոր ինժեների տունը։

— Գիդի՞ս ինչ կա, Սիմոն Յագորիչ,— ասաց Ճանճուր Իվանիչը,— էս գիշիր ամեն ուստութին պիտինք բանեցնի, վունց որ ըլի բանը դրա հիդ սաղացնինք, թե չէ «խիարը ծուռը կուկանաչի»։

— Էտ ես վաղուց գիդիմ,— պատասխանեց խոհեմ գործակատարը։

— Բայց դուն ինձ էն ասա, փեշքաշների համար ի՞նչ խոսեցին։

— Կնիկը վուր շատ ուրախացավ, երեխեքն էլ էնպես, ամա ինքը մե քիչ ռեխը թթվեցրուց: