Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կնիկը ուրախացա՞վ, էդ հերիք է. դրանց նոխտեն իրանց կնկտերանց ձեռին է, ինչի՞ չէր ուրախանա, նա իր կինքումը էնպիսի դեյրացուներ չէ տեհած, կու կարի ու կու հագնի, գուբերնատորի կնիկն էլ կունենա էնպեսը, ա՜յ, ու նրանց երեխերքը ե՞փ կերած կուլին էն թավուր կոնֆեանիր կամ ունիցիլ ի՞ն էնպիսի իգրուշկեք։

— Դա՜,— պատասխանեց խորհրդավոր եղանակով Սիմոն Յագորիչը:

Նա կարծես նույն րոպեին մի ուրիշ բանի վրա էր մտածում, այդ պատճառով ուշադրությամբ չէր լսում Ճանճուր Իվանիչին։

— Համա դու ինձ էն ասա, թուղթ խաղում է՞ էտ մարդը։

— Խաղում է,— պատասխանեց Սիմոն Յագորիչը։

— Խմելու հե՞տ վունց է։

— Իշի նման, մի օր ուշյար չիս տեհնի։

Սիմոն Յագորիչի վերջին պատասխանները Ճանճոտ Իվանիչի սրտին գդալի ուրախություն պատճառեցին, և նրա երեսն ընդունեց ծիծաղկոտ կերպարանք։

— Բաս ասա, փուղի համար մեռած կուլի, էլի՜, Սիմոն Յագորիչ, էլ դարդ մի՛ անի. դրա հիդ բանը ուփրո լավ կուլի սաղացնիլ,— ասաց նա ուրախությամբ, ինչպես որ ուրախանում է դարանագործ որսորդը, երբ նկատում է, թե որսն ընկավ նշանակյալ տեղը։

Բայց միևնույն միջոցին Ճանճոր Իվանիչը զարմանում էր, թե մի մարդ այդ բոլոր բարի հատկությունները, ինչպես կոչում էր նա, ունենալուց հետո, ի՞նչպես է կարողացել ազատվել Սիմոն Յագորիչի ճանկերից ու նրա կամքին գերի չէ դարձել: Այդ մտածմունքը ծնեցնում էր նրա մեջքի փոքր անախորժ զգացմունք, և նա ենթադրում էր, թե Կուզմինը մի այնպիսի առանձնահատկություն ունի, որ չէ խոնարհվում Սիմոն Յագորիչի խորամանկության կարող զորությանը։ Բայց միևնույն րոպեին նա իրեն քաջալերում էր` ասելով. «Ինչ կուզի թող ըլի, փուղը նրան կատու կու շինե»։

Մի փոքրիկ հասարակ տան մեջ, որ բաղկացած էր երեք սենյակներից բնակվում էր Կուզմինը։ Ճրագը մի ժամ առաջ արդեն վառել էին նրանց կացարանում։ Ինժեները յուր գերդաստանի հետ բոլորած էին թեյի սեղանի շուրջը։

Կուզմինը կլիներ ավելի քան քառասուն տարեկան, բարձր հասակով և լղար կազմվածքով։ Նրա գլխի մազերը և դեմքը գետնախնձորի գույն ունեին։ Երեսը նիհար էր և երկայն, ծնոտները բարձր, քիթը կարճ և սրածայր, աչքերը նեղ, մռայլոտ, կապույտ,