Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոնքերը լերկ, երեսի գծագրությունը կոշտ և արտահայտությունը սառն, անխորհուրդ և թմրած, ինչպես որ առհասարակ լինում է գինեմոլների դեմքը։

Նրա մոտ նստած էր մի հաստլիկ կինարմատ, որի ծնոտի ներքևի մսանները այնպես էին կախ ընկած, որ տեսնողը կկարծեր, թե երկու կզակ ունի. դեմքն ուռած էր շատ գիրությունից հազիվ էին տեսնվում նրա պսպղուն նեղ աչքերը և սրածայր քիթը։ Նրա գիսակը շեկ գույն ուներ, իսկ հոնքերը հազիվ էին նշմարվում։— Դա Կուզմինի կինն էր։

Մի քանի մեծ ու փոքր երեխա ցատկոտում էին նրանց շուրջը, իսկ սեղանի մոտ թեյ էր պատրաստում ինժեների մեծ աղջիկը` մի նորահաս, կլորիկ օրիորդ, մոր նման չաղջիկ, սակայն բավական ախորժելի կերպարանքով։

Ինժեներին հայտնեցին Ճանճուր Իվանիչի գալուստը։

— Ասա՛ թող գան,— հրամայեց նա ծառային։

Նախասենյակում Ճանճուր Իվանիչը հանդիպելով մաքուր հագնված փոքրավորին նրան տանտերը կարծեց և փառավորապես գլուխը խոնարհեցրեց, բայց Սիմոն Յագորիչը զգուշացրեց, թե նա չէ տանտերը։

Նրանք ներս մտան։

Սիմոն Յագորիչը, որպես նախածանոթ, ներկայացրեց նրան Ճանճուր Իվանիչին։

Ճանճուր Իվանիչը յուր գիտցած բոլոր քաղաքավարությունները գործ դրեց, առաջ տանտիկնոջ ձեռքը սեղմեց, հետո տանտիրոջ, ապա աղջկա և երբ մոտենալով կամենում էր երեխաների երեսը համբուրել, նրանք զարհուրելով նրա սարսափելի դեմքից` ճչացին փախան։ Սիմոն Յագորիչը նրանց հանդարտեցրեց, ասելով, թե «մի վախենաք, Ճանճուր Իվանիչը դյադուշկան է, որ ձեզ համար քաղցրավենիք և խաղալիքներ է ուղարկել»։

Երեխայքը մի փոքր հանգստացան։

Ինժեներն ընդունեց Ճանճուր Իվանիչին խիստ ուրախ դեմքով և նստեցրեց յուր մոտ` կիսաթախտի վրա։ Առաջին խոսակցությունները եղան սովորական հարց ու փորձեր միմյանց առողջություններից և թե ո՛րքան ժամանակ է մնալու Ճանճուր Իվանիչը այդ քաղաքում։

Ճանճուր Իվանիչը ստից-ղորդից, որքան ներում էր նրա լեզվի ճարտարությունը, բավական դուրս տվավ. պատմեց Թիֆլիսի նորություններից, ավելացրեց և մի քանի քաղաքական հին լուրեր,