Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստուծ գիդենա, աղա, դուն զորբա ուստա իս էլի,— պատասխանեց Սիմոն Յագորիչը։— Իսկի չէի հավատում, վուր էտ շանվուրթին խիլքի գուքա։

— Ուղուփ գուզե, Սիմոն Յագորիչ, խիլք գուզե, իմաստութին գուզե, ինչկլի բանը բան դառնա, միր աշխարքը ուստութինով ին կերած, չէ թե զոռով։ Փուղ դատիլը ամեն մարդու բան չէ,— խոսեց Ճանճուր Իվանիչը՝ ներքին համոզմամբ։

— Աստուծ գիդենա, դրուստ իս ասում,— պատասխանեց Սիմոն Յագորիչը, որպես թե լսում էր մի ճշմարտություն:

— Էս ինժիների աչքերը քոռացրինք, էստումեն դենը ինչ գուզիս արա, Սիմոն Յագորիչ, էլ Կուզմինը քու շինութինների համա չի ասի լոմայ: Դա էլ են առաջվանների պես էգուց էլօր ձեռքը կու խփե մեջքիդ, «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, տվայա ստրոենիե կրեպկի, կակ ժելեզո»։

Սիմոն Յագորիչը ուրախությունից սկսավ ծիծաղել։

— Ես իսկի մտքեմես չէի անցկացնում, վուր դա քրթամ կու առնե,— ասաց նա։

— Ի՞նչ իս խոսում, օրհնած, մարդ կուլի՝ վուր փուղ չսիրե։ Աստուծ ինքը քրթամր սիրում է։ Ինչկլի խունկ, մոմ, մատաղ չիս անում, ինչկլի սրբերին բարեխոս չիս քցում, նա քիզ շարից չէ փրկում,— ասաց Ճանճուր Իվանիչը զարմանալով յուր գործակատարի դատողության վրա։— էս ղուլուղի մարդկանց ջեբը նրա համար ին ետնեն կարած, վուր նրանք խաչ-ավետարանի վրա օրթում ին ուտում, վուր քրթամ չառնին, ու դրա համա էլ ձեռքով չին առնում. ամա վուր մարդ ետնեն ջիբն է կոխում, աչքով չին տեհնում, էլ չին խոսում։

Այդպիսի բաներ խոսելով, միմյանց իրանց սրտի ուրախությունը հայտնելով, ինժեներների թուլությունների վրա ծիծաղելով, Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ ամենևին չզգացին, թե ինչպես հասան պանդոկ։

Մտնելով իրանց կացարանը, Սիմոն Յագորիչը մոմ վեր առավ տարավ ներքև խանութում վառելու, որովհետև լուցկի չունեին, բերելիս անիրավ քամին հանգցրեց, կրկին դարձավ, էլի հանգցրեց։ Ճանճուր Իվանիչը վերևում, խավարի մեջ կանգնած սպասում էր. երկար սպասելուց հետո նա դուրս եկավ, տեսավ քամին չէր թողնում մոմը վառվի:

— Տո՛, օրհնած, էտպես կու բերի՞ն, մե բան բռնե գլխին, էլ քամին չի կանա հանգցնի: