Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիմոն Յագորիչը շուտով շլապկեն գլխից առավ և հովանի արեց մոմի վրա։ Այդ հնարքով թեև նա առանց հանգցնելու մոմը բերավ իրանց կացարանը, բայց շատ ցավեցավ, երբ տեսավ, որ շլապկեն բավական տեղ այրվել է. ջուր ածելու փոխանակ թքեց այրված տեղի վրա, մատներով հանգցրեց, մոմ ածողի ու կրակ մոգոնողի հերն ու մերն անիծեց, մի փոքր էլ բարկացավ, բայց Ճանճուր Իվանիչը նրան մխիթարեց՝ ասելով.

— Վնաս չունի, ջանդ սազ ըլի։

Սիմոն Յագորիչը հանդարտվեցավ։ Սենյակը լուսավորվեցավ։ Ճանճուր Իվանիչը նստեց մահճակալի վրա. նրա դեմքն արտահայտում Էր լիակատար բավականություն։ Սիմոն Յագորիչը նստեց տաբուրետի վրա նրա հանդեպ, բայց նրա դեմքը գոհունակություն չէր ցույց տալիս։ Երևի գլխարկի այրվելը նրան ցավեցրեց։

— Ի՞նչ իս ունքերդ կախ արի,— ասաց նրան Ճանճուր Իվանիչը:— Հիմի էլ ի՞նչ դարդ ունինք, էտ էշն էլ խոմ ցեխեմեն հանեցինք, գնա ներքև մի չարեք գինի բի՛, էս գիշեր մե լավ քեփ անինք, իժում դինջ քնինք։

Սիմոն Յագորիչը գնաց ներքև և մի քանի րոպեից հետո դարձավ չարեքանոցը լիքը գինիով։

Սեղանի վրա դրվեցան խնջույքի պատրաստությունները՝ երկու հատ չորացած հաց, մի կտոր հին զուրգել, Ճանճուր Իվանիչը ճանապարհի պաշարից մնացած մի փոքր խավիար, մի գլուխ սոխ և մի կտոր պանիր։

Սեղանը յուր բոլոր ճոխություններն ուներ երկու ընկերների համար ևս։

Գավաթները լցվեցան։ Նրանք շրխկացրին, առաջին անգամ խմեցին միմյանց կենացը, հետո Կուզմինի կենացը, այնուհետև կրկին և կրկին միմյանց կենացը, հետո նրանց կենացը, ով որ ծովում փորձության մեջ է, ով որ ղարիբ է, ով որ հիվանդ է, վերջապես ամեն նեղյալների կենացը։ Եվ բախտավոր չարեքանոցը մի անգամ ևս գնաց և ետ եկավ ներքևից։ Այնուհետև նրանց գլուխները տաքացան։ Նրանք սկսան միմյանց հետ պռոշտի անել և ուրախանալ, ծափ տալ, ուռռա գոռալ, մինչև Ճանճուր Իվանիչը յուր խռպոտ ձայնով երգեց վրացերեն. «Ա՜խ թվալեբո, թվալեբո՛» երգը, Սիմոն Յագորիչն էլ նրան ձայնակից եղավ։ Այնուհետև ինքը Սիմոն Յագորիչը, երգեց՝ «Մոդի, Լիզա ջան, իխրուկե» նույնպես վրացերեն երգը։ Խնջույքը տևեց մի քանի ժամ, բայց տակավին չարեքանոցի մեջ գինի կար։ Այն ևս սպառվեցավ։ Սեղանի վրա ոչինչ