Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ես Բլոտից ասել եմ վեց արասով և ձերիցը վատ չէ,— պատասխանեց օրիորդը։

Մական լռեց։

Բայց օրիորդ Սոֆին նույն րոպեին խոսում էր մի երիտասարդի հետ, և աստված գիտե, ինչեր էր խոսում, միայն նրանից բաժանվելու միջոցին, կրկին դարձավ դեպի նա և ժպտաց.

— Ա՜խ, դու անխիղճ,— ասաց և հեռացավ։

Նա եկավ և կանդնեցավ օրիորդների մոտ, որոնք խոսում էին կիսակոշիկների մասին:

— Սոֆի, դուք օդըկոլոնը և դուխը ումի՜ց եք գնում,— հարցրեց նրանից մի օրիորդ մեծ քթով և հաստ շրթունքներով։

— Րիշարից,— պատասխանեց օրիորդ Սոֆին։

— Ի՜նչ անուշ հոտ է գալիս ձեզանից,— կրկնեց մեծքթանին:

— Մի՜թե ձեզ ախորժելի է,— ժպտալով հարցրեց օրիորդ Սոֆին և ուրախացավ, որովհետև յուր վրա լավ նկատողություն էին անում:

— Ես էլ այսուհետև այնտեղից պիտի առնեմ,— ասաց առաջինը։

— Սոֆի Ճանճուրևնա,— ավելի քաղաքավտրությամբ կոչեց նրան մի այլ աղջիկ զվարթ և ուրախ դեմքով։

— Ի՜նչ է,— դարձավ դեպի նա Սոֆին։

— Այս կյուրակե այգու՞մն էիք։

— Այո՛, այնտեղ էի։

— Դուք տեսա՞ք այն երկու ռուս օրիորդներին․ ինչ գեղեցիկ հագնված էին։

— Այո', տեսա, բաց-երկնագույն՝ աղյուսավոր կտորի․ ես արդեն առել եմ ինձ համար մի դերիացու Ցուրինովի մագազինից,— պատասխանեց Սոֆին։

— Ես էլ անպատճառ պիտի առնեմ այն կտորից, — մեջ մտավ մի այլ օրիորդ։— Ես էլ տեսա նրանց, ինձ ևս շատ դյուր եկավ նրանց հագուստը, մանավանդ ծալվածքը հիանալի էր, թեև բուզմեքր հին մոդայի ձևով էին։

— Ո՛չ ի՞նչպես թե հին. այդ նոր և վերջին մոդան է,— նրա խոսքը կտրեց զվարթադեմ օրիորդը։

— Ո՛չ, հին էր, նույն ձևով կարել էր տվել Կմախովի աղջիկը երկու ամիս առաջ,— պատասխանեց երկրորդը։

Եվ նրանք սկսեցին վիճել այն երկու ռուս օրիորդների հագուստի բուզմեքի հին կամ նոր մոդայի ձևով լինելու մասին, վեճը