Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ փույթ, օրիորդ Սոֆին այղ տեսակ ճաշակ ունի ընտրության մեջ։

— Ա՜յ հիմար,— կրկնեց Լիզան։

Բայց օրիորդ Սոֆին թողեց Մայիլովին և սկսեց քաղցրախոսել մի բարձրահասակ երիտասարդի հետ։

Լիզան և Անիշկան կցեցին իրենց ընդհատված խոսակցությունը։

— Դարձյա՞լ շեք ասելու,— հարցրեց Լիզան։

— Ի՞նչ, — ասաց Անիշկան։

— Դուք սիրում եք նրան։

— Ինչո՞ւ չսիրել նրան,— պատասխանեց Անիշկան։— Նա շատ արժանավոր տղամարդ է, մեծ ուսումով և ազնվաբարո. նա այնքան գեղեցկախոս է, որ մարդ ախորժում է միշտ լսել նրան․ նրա ձևերի, նրա շարժվածքի, նրա բոլոր գոյության մեջ այնքան հրապուրանք կա, որ չէ' կարելի չսիրահարվել նրա վրա:

— Ի՞նչպես է նրա անունը,— հարցրեց Լիզան։

— Այդ մի պատմական անուն է, որով կոչվում է Հայկազանց երևելի տներից մինը Վասպուրականում,— պատասխանեց Անիշկան։

— Իրանք նույն տնի՞ց են։

— Հայտնի չէ՝, միայն ազնվատոհմիկ են։

— Ի՞նչ գործով է պարապում նա։

— Նա եկած է մեր քաղաքը երեսի հիվանդությունը բժշկելու համար և մասնավորապես փաստաբանություն է անում։

— Նա նույնպես սիրու՞մ է ձեզ։

— Չգիտեմ,— ցավելով պատասխանեց Անիշկան,— միայն նա խիստ սառն է ինձ հետ։ Բայց դուք սազացրի՛ք Ն-ովի հետ,— խոսքը փոխեց նա։

— Սազացրի,— ժպտալով պատասխանեց Լիզան,— այսօր ստացա նրանից այս տոմսակը։

Եվ Լիզան հանեց յուր ծոցից մի փոքրիկ թուղթ, տվավ յուր խոսակցին․ նա շտապով տողերը աչքի անցրեց։ Տոմսակի մեջ դրված էր. «Ձեր տանն արգելում են մեզ... շաբաթ օրը երաժշտական կրուժոկում դիմակահանդես կլինի, այնտեղ կսպասեմ ձեզ»։

— Ուրեմն այդպես, Լիզա, հա՞,— նրա երեսին նայելով ասաց Անիշկան։- Դուք ինձնից բախտավոր եք։

— Ի՞նչպես,— հարցրեց Լիզան և ծիծաղեց։

— Այո՝, մեծ զանազանություն կա նրանց մեջ, որոնցից մինը