Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասած է յուր նպատակին, իսկ մյուսը ապրում է լոկ հույսերով,— պատասխանեց Անիչկան։

Օրիորդ Սոֆին դարձյալ ընդհատեց նրանց խոսակցությունը։

— Ձեր մեջ անշուշտ մի բան կա, որ այդպես թաքուն-թաքուն խոսում եք,— ասաց նա։

— Ի՞նչ պիտի լինի։

— Ո՛չ, կա, ես գիտեմ... միայն վե՛ր կացեք, խնդրեմ, աղջկերքը կամենում են պարել։

Անիչկան և Լիզան դուրս եկան իրանց անկյունից և գնացին մյուս աղջկերանց մոտ։

Պարերը նույնպես եղան այնպես զանազան, ինչպես որ զանազանվում էին նրանք իրանց հագուստներով և իրանց մտքերի հայացքով։

Ուսյալ օրիորդները ցանկացան պարել տանց։ Ափսո՜ս որ չկար կանոնավոր մուզիկա։ Այնուամենայնիվ նրանք բանը գլուխ բերին։ Օրիորդ Սոֆին նստեց պիանոյի առջև, պիանոն հնչեց խիստ հիանալի կերպով, և զույգերը սկսեցին պտույտ գալ։

Հետո մի այլ օրիորդ սկսավ ածել, և օրիորդ Սոֆին, ազատվելով պիանոյից, վեր կացավ և խառնվեցավ պարողների հետ։ Նա ընտրեց իրան պարընկեր Մայիլովին։

Այդ եղանակը նույնպես վերջացավ։

Գրիգոլն ածեց ջութակի վրա վալս։

Օրիորդ Սոֆին այս անգամ պարեց բարձրահասակ ֆրանտի հետ։ Եվրոպական պարերը վերջացան։

Որովհետև թասակրավիով աղջկերքը, եվրոպական պար չգիտենալու պատճառով, անմասն մնացին պարելուց, ուստի նրանք ցանկացան պարել ասիական պարեր։ Եվ իսկույն կազմեցին մի շրջան, նրանցից մինն սկսավ ածել դայրա, մյուսը դիմպլիպիտո և մինն էլ հնչեցրեց փոքրիկ հարմոնը, իսկ մյուսներն սկսեցին ծափահարել, ապա նրանցից մինն սկսավ խաղալ լեզգինկա։ Նա փոխվեցավ։ Նրա տեղ անցավ մի այլը։ Եվ այնքան խաղացին, մինչև բոլորն էլ հոգնեցան։

Պարերը վերջացան։ Բոլորն էլ նստոտեցին հանգստանալու։ Մատուցին թարմ միրգ։

Այնուհետև օրիորդ Սոֆին դարձյալ սկսավ ածել պիանոյի վրա և երգել։ Նրա ձայնը այն գիշեր բոլորովին հիանալի էր։ Ամենքը ծափահարեցին և խնդրեցին կրկնել։