Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը կրկնեց։

Տիկին Բարբարեն հեռվից հրճվանքով նայում էր յուր դստեր արժանավորության վրա, մանավանդ երբ նկատեց, որ երիտասարդներն աոանձին համակրությամբ էին լսում նրան։ Նա մի քանի հաճոյական խոսքեր ևս լսեց յուր մոտի կնիկներից, որոնք ասացին նրան. «Շատ ապրի աղջիկդ, Բարբարե, աստծու աչքը նրա վրա ըլի. շատ շնորհալի աղջիկ է»։

Մի քանի օրիորդներ նույնպես ածեցին և երգեցին, բայց ոչ այնպես, ինչպես որ օրիորդ Սոֆին։

Այնուհետև բոլոր աղջկերքը շարվեցան մի երկայն սեղանի շուրջը և պատրաստվեցան լոտո խաղալու։ Նրանց ընկերացան և մի քանի երիտասարդներ, բայց մնացյալ երիտասարդները բաժանվեցան նրանցից և սկսան խաղալ պրեֆերանս։

Լոտո խաղացող աղջիկներից ոմանք մեջ բերեցին փող, մինը յուր մատանին, մինը յուր քորոցը, մինը յուր ապարանջանը. մի խոսքով՝ ով ինչ լավ բան ուներ՝ առավելապես յուր ընկերուհիներին ցույց տալու համար դրավ մեջտեղ։ Մի աղջիկ կարգվեցավ գանձապետ։ Նրա մոտ դրվեցան երկու ափսե և մեջն ածեցին լոբիի հատիկներ հաշիվները պահելու համար։ Խաղի թղթերը բաժանվեցան։ Գլուխը կապած աղջիկներից մինը, որ լավ չգիտեր ռուսերեն համարել, սկսավ դուրս հանել թվերի կենճիքը և բարձրաձայն ասել թլվատ լեզվով. տվնացիտ (տասներկու), պիտլացիտ (տասնհինգ), փետկա (հինգ), տեսետնիկ (տասն), կոստո (իննսուն)։ Աղջկերքը սկսան ծիծաղել նրա արտասանության վրա. նա կարմրեց և դարձյալ սկսեց շարունակել՝ պիտեսաթ րովնո (հիսուն), տուդիսուդի (վաթսունինը)։ Աղջկերքը դարձյալ սկսան ծիծաղել նրա այդ զվարճալի փոխաբերությունների վրա։

Նրանցից մի փոքր հեռու մոդնի երիտասարդները կոչում էին, թրխկացնելով սեղանին սեմ պիկ կամ չերվի և կամ բեզ կոզրեյ և այլն։

Բայց նրանցից հեռու տիկին Բարբարեն մի կաբավոր հաստափորի հետ խաղում էր դուրաչկա։ Օրիորդ Սոֆին անցավ նրանց մոտից, նրանք հրավիրեցին իրանց հետ խաղալու, բայց օրիորդը հրաժարվեցավ, ասելով, թե ինքը չէ կամենում փռնչու խաղ խաղալ։

Մի կողմում էլ նստած էին կարավորները։ Նրանք ձգում էին նարդիի զարը՝ կոչելով — շեշ ու բեշ, խալ֊խալ և այլն։ Մի քանի հոգի էլ, նույն կարգի մարդկանցից, նստած նայում էին նրանց խաղին կամ ուղղում նրանց սխալը։