Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ դժբախտի հետ և, թումանին չորս ապասի ստանալով, ազատեցին նրան բոլոր պարտականություններից։

Այդ դժբախտությունը չստիպեց Ճանճուրին ընդերկար ձգել յուր աղքատության լուծը. նա շուտով եղավ գործակատար մի երևելի կապալառուի մոտ և, քանի տարի ծառայելուց հետո, ինքն սկսավ պարապել փոքրիկ կապալներով, և հետզհետե ընդլայնելով յուր գործունեության շրջանը, նա յուր քառասուն տարեկան հասակից սկսած հազարների հետ էր խաղում մինչև յուր հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան մեր վիպասանության մեջ։

Այժմ նա յուր կինտոյի արհեստով ժառանգած Ճանճուր մականունը կցելով յուր հոր՝ Օհանեսի անվան հետ, կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»։ Այդ անունով ևս մենք պարտավորվում ենք նրան ծանոթացնել մեր ընթերցողներին։

Ճանճուր Իվանիչի տարիքը, որպես հիշեցինք, անցել էր հիսունից, բայց ծերությունը դեռ ոչ բոլորովին ճնշել էր նրան։ Նրա բարձր, հսկայակերպ ճակատը, միախառնվելով մարմնի զուգակշիռ լայնության հետ, ձևացնում էր ահագին մեծությամբ մի շարժական մսեղեն գունդ։

Նրա այլանդակ դեմքի վայրենի գծագրությունները խիստ կոշտ և սարսափելի էին։ Լայն և մսոտ երեսի վրա, անկանոն կերպով, դրված էին կնճռած խորշոմների ծալքերը, որոնք վերջանալով դուրս ցցված ծնոտներով և միախառնվելով վրացու պարկի նման ուռած պարանոցի մսանների հետ, ձևակերպում էին Անգեղյա Տորքի առասպելաբանական կերպարանքը, յուր թավամազ հոնքերով, ահագին տափակ քթով, լայն բերանով, ուռած շրթունքով, որոնք, արյունով լցված երկու հաստ տզրուկի նման, դրված էին միմյանց վրա, և դժնետեսիլ աչքերով, որոնք երկու սարդերի նման նենգավոր կերպով նայում էին երեսի խորշոմների խորքից։

Այդ հսկայական դեմքի արտահայտություններն այնքան դժվար որսալի էին, մինչ անկարելի է որոշ կերպով նկարագրել նրանց, նրանք երբեմն բացատրում էին վագրի վայրենի կատաղությունը, երբեմն սարսափելի մեռելային էին, որպես մահ, և երբեմն անխորհուրդ հիմարական, որպես անխելք ավանակի խաղաղասեր ռեխը։

Նրա երեսի գույնին չէ կարելի որոշ նշանակություն տալ, որովհետև նա փոխվում էր, որքան փոխվում էին տարվա եղանակները։ Այսինքն գարնան եղանակում նրա դեմքը ուներ մուգ աղյուսի գույն, բայց քանի մոտենում էր ամառը, այդ ազատ կարմրությունը