Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Հա՛, Սոֆի, — պատասխանեց տիկին Բարբարեն,— դուրսը կարծես տաքացած փուռ լինի, խեղճ հայրդ ի՞նչպես է եկել այս տաք օրին։

-Հայտնի բան է, մեծ նեղությունով։ Բայց, մայրիկ, ես չեմ կարող տանել այս տոթը,— խոսքը փոխեց նա,— եթե այս ամառ քաղաքում անցկացնեմ, անպատճառ կհիվանդանամ։

- Ուրեմն միտք ունիս ամառանո՞ց գնալ,— հարցրեց մայրը:

- Ես արդեն սովորած եմ. մենք վարժարանում եղած ժամանակ ամեն ամառ դնում էինք,— պատասխանեց օրիորդը։

-Շատ լավ, մի քանի օր համբերիր, ես այդ մասին կխոսեմ հորդ հետ և անպատճառ կտնօրինեմ, որ այս ամառ Կոջոր գնանք։

Տիկին Բարբարեն թողեց յուր աղջկան միայնակ և դուրս գնաց ծառաներին պատվերներ տալու, իսկ օրիորդ Սոֆին մտավ յուր սենյակը, ներսից դուռը կողպեց, էլի մի անգամ կարդաց նամակը, որ ստացել էր Մայիլովից և սկսավ պատասխանը գրել։

Ավելորդ եմ համարում մեր հերոսուհու նամակի պատճենը հաղորդել ձեզ, պատվերի ընթերցող, մտածելով, թե դուք շատ անգամ կարդացած կլինեք նամակներ, թե ի՞նչ են գրում սիրուհիք իրանց սիրեկաններին։ Նրանց ոչ միայն խոսքերը, ոճը և պարբերությունները շնչում են ամբողջ բանաստեղծությամբ, այլև թուղթը, նրա գույնը, նրա նկարները, թանաքը, կնքամոմը, ծրարը, այդ բոլորը պարունակում են իրանց մեջ սիրո գաղտնիքներ։

Մենք հանգիստ թողնենք օրիորդ Սոֆիի յուր նամակը գրելու այժմ տեսնենք, թե ո՞ւր գնաց ճանճուր Իվանիչը։ Նա յուր տանից դուրս գալուց հետո ոտքով մի քանի ժամվա մեջ շրջեց բոլոր գլխավոր տեղերը, ուր գործ ուներ։ Նախ և առաջ գնաց ինժեներնոյե ուպրավլենիեն. իսկույն լսվեցին ծառայողների ողջույնները. «բարով, բարով, Ճանճուր Իվանիչ»— գոչեցին զանազան ձայներ։ Նա մոտեցավ այս կամ այն ծառայող աստիճանավորին, սեղմեց նրա ձեռքը, մի փոքր խոսեց, մի փոքր ծիծաղեց և մի փոքր սրա և նրա ականջում քչփչաց։ Այնտեղից գուրս եկավ բիրժի առջև։ Կեղծավորաբար մոտեցավ սրան, նրան՝ «բարով, Իսակ Մարտինիչ», «բարով, Գարասիմ Յակուլիչ», մոտեցավ զանազան մարդկանց, սկսավ երկար ու բարակ հարցնել նրանց քեֆը, նրանց տանեցոց առողջությունը, մի փոքր զվարճաբանեց, մի փոքր փաղաքշեց, այնուհետև գլուխ տալով հեռացավ, յուր մտքի մեջ հայհոյելով նրանց ծնունդը․ «քու հերն անիծած» ասելով, նա