Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու աղջիկ, երկու տղա. եթե հավասար բաժին անե նրանց մեջ, ամեն մեկին կու հասնի հիսուն թուման. էտ գումարը բոլորն էլ դնում է աղջիկների վրա, բայց դարձյալ չէ կարողանում մարդու տալ։

— Էտ է պատճառը, վուր եփ մարդու տանը մե քանի աղջիկ կա, նա բազարում էհտիբար (վարկ) էլ չէ ունենում։ Էն մարդը, վուր փուղը տալիս է ապրանքի ու գցում է ծովի երեսը, նրան փուղ տալիս ին ու չին վախենում, թե կարելի է նավը ծովակուլ լինի, համա էն մարդուն, վուր աղջիկներ ունե, նրան փուղ չին տալի, ու էտպիսով մարդիկ ճարահատյալ իրանց աղջիկները օտար ազգերի ին տալի․ պատճառ, վուր հայի տղի համա պաս է էլած անփուղ աղջիկ առնիլը։ Ինչպես մինձ պասին՝ բարեկենդանի մնացած կերակուրները չուտելու համա տալիս ին թուրքի, ան աղքատի, վուր չհոտին,— ասաց Ճանճուր Իվանիչը։

— Ի՞նչ կորուստ է այդ հայերի համար—պատասխանեց տիկին Բարբարեն կրկին վրացերն,— դիցուք թե մի հայր ունի աղջիկ և նրան տալիս է փող։ Այդպիսով առաջին կորուստը լրացնում է երկրորդը։

— Այդ միևնույն է, եթե մի մարդ թույլ տա իրան կողոպտել, մտածելով, թե փոխարենը ինքը կու կողոպտե ուրիշին,— պատասղանեց Ճանճուր Իվանիչը։

Վեճը նրանց մեջ այսպես աննկատելի կերպով երկարեց մինչ մերձակա սենյակում ժամը զարկեց տասը։ Բայց թե Ճանճուր Իվանիչը, թե Սամիլ Պետրովիչը չկարողացան համոզել տիկին Բարբարին, թե փողով աղջիկ մարդու տալը չարաչար վնասում է հասարակությանը։ Նրանք կես ժամ ևս վիճեցին, մինչև ծառան ներս մտավ և հայտնեց, որ ընթրիքը պատրաստ է։ Սամիլ Պետրովիչը գդակն առավ և այնպես ձևացրեց, թե կամենում է գնալ, բայց նրան խնդրեցին մնալ իրանց հետ ընթրելու։

ԺԷ

Առաջին օրը Ճանճուր Իվանիչի համար անցավ բավական խաղաղությամբ, որովհետև նա չգիտեր, թե Կավկա գնալուց հետո յուր տան մեջ ինչ ու ինչ փոփոխությաններ են եղել։ Բայց մյուս օրվա առավոտյան պահուն յուր տան մեջ ամեն մանրամասնություններ