Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարմիր դրոշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով։ — Այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը, երբ Արարիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը։

Շեյխի քարոզը սկսվեցավ օրհնություններով, որոնց մեջ խիստ ջերմ եռանդ արտասանություններով փառաբանվում էին ալլահի, Մուհամեդի և նրա գլխավոր հաջորդների` Օմարի, Օսմանի և Աբուբեքրի անունները։ Հետո սկսվեցավ մի քաջալերական ճառ հետևյալ խոսքերով.

«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարեն — փա՜ռք իր զորությանը — կոչում է ձեզ մի սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմել իր կրոնի թշնամիների դեմ, որոնք սկսել են թափել աստծու` ծառաների արյունը։ (Եվ թո՛ղ նզովյա՜լ լինին նրանք)։

Վհատությունը, երկչոտությունը և կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետև երկյուղը աստուծո զինվորների համար չէ։ Տերը ինքը կտա ձեր բազուկներին զորություն, և թշնամու պարանոցները ձեր սրերի առջև կկտրատվին, որպես չորացած հասկը հնձողի մանգաղի առջև։ Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները և դեպի իրանց ետ կդարձնեք։ Ձեր անձերը պաշտպանված կլինեն երկաթյա պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի։ Ձեզ աջակից կլինեն կոտորող հրեշտակների աներևույթ գունդերը, որոնց մարգարեն ձեզ օգնության կուղարկե։ Մեծ է Իսլամի աստվածը և բացի նորանից ուրիշը չկա:

Բոլո՛ր գավուրները պիղծ են աստուծո առջև։ Նրանց կայքը, կյանքը, ընտանիքը և ամեն ինչ, որ պատկանում է անհավատներին, աստված մատնում է ձեր ձեռքը։ Հափշտակեցե՜ք, կողոպտեցե՜ք, այրեցե՜ք և կոտորեցե՜ք, որքանով կլիանա ձեր սիրտը: Ավարը և իր կրոնի թշնամիների արյունը աստված հալալ է[1] անում սուրբ պատերազմ ի զինվորներին։

Ձեզանից կընկնին նրանք միայն, որոնց սրտերը կմոլորեցնե սատանան և որոնց հոգիները կսառչեն։ Երկչոտները ատելի են տերի առջև։ Եվ ավելի ատելի կլինեն նրանք, որ կփախչտեն կռվի դաշտից։ Ձեր թիկունքը շպիաի տեսնի թշնամին։ Նա՛, որ աստուծո համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի։

  1. Հալալ համարվում են այն բաները, որոնք օրենքով սուրբ են և չեն արգելված: