էին կապում, և հայերի գյուղերում մանածելով, փոխում էին մի կտոր հացի հետ։ Սունկը, բոխին, ծնեբեկը, մանդիկը, սիբեխը և լեռնային զանազան բանջարեղենները այս տարի այնքան առատ էին, որ մի ավանակի բեռը քրդի կանայք փոխում էին մի քանի ֆունտ ալյուրի հետ։
Ծերունի Խաչոյի որդիները արդեն սկսել էին դաշտում իրանց վարը վարել։ Աշխատությունը սկսվել էր ամեն տեղ։ Գյուղի մեջ մի անգործ մարդ չէր կարելի գտնել։ Ամեն ոք զբաղված էր իր մշակություններով։
Առավոտյան ժամն էր։ Ծերունու տանը թոնիրները վառվում էին, մեկի վրա դրած էին պղնձե ահագին կաթսաներ և խեցեղեն մեծ-մեծ պտուկներ, կերակուր էին եփում, մյուսի մեջ հաց էին թխում։ Հարսները, աղախինները, հավաքված թոնիրների շուրջը, ընդհանուր շարժողության մեջ էին։ Տունը, լցված էր կերակուրների անուշ շոգիով, ներկայացնում էր մի հսկայական խոհանոց, որի մեջ, տեսնողը կմտածեր, թե պատրաստվում է ճաշ մի ամբողջ բանակ կերակրելու համար։ Եվ իրավ, բացի ծերունու ահագին գերդաստանից, նրա սեղանից կերակրվում էին բազմաթիվ հովիվներ, մշակներ իրանց ընտանիքներով, որոնք ծառայում էին նրա տանը։ Դա մի ամբողջ լեգեոն էր։ Ամեն օր վառվում էին նույն թոնիրները, ամեն օր պատրաստվում էր կերակուրների նույն քանակությունը։ Եվ ծերունու ժրաջան հարսները մի րոպե հանգստություն չունեին։ Պետք էր ամենի մասին հոգ տանել, պետք էր ամենին գոհացնել։
Բացի դրանից, կային տնտեսական և ուրիշ զանազան հոգսեր։ Ահա այնտեղ, բակում հարսներից մեկը կովերին և ոչխարներին է կթում. մյուսը փոքրիկ օջախի վրա կաթ է տաքացնում մածուն շինելու համար. երրորդը պանիր է մակարդում, չորրորդը հարում է խնոցին կարագ պատրաստելու համար։ Նրանց շուրջը վազվզում են բազմաթիվ երեխաներ և խաղում են նորածին գառների ու հորթերի հետ։ Քա՜ղցր է նայել այդ գյուղական բախտավորության վրա։ Մանուկ և գառնուկ, երկուսն էլ աճում են միասին,— երկու հարստություններ, որոնցմով ուրախանում է, որոնցմով պարծենում է գյուղացին։
Բակի արևահայաց կողմում, պատի տակ, մինը մյուսի վրա, կարգով շարված են մի քանի հարյուր մեղրի փեթակներ։ Ապրիլյան արեգակը թափում է այստեղ իր ջերմ ճառագայթները։ Մինչդեռ հարսները մյուս կողմում զբաղված են իրանց գործով, ծերունի